Հերթագրում

Ի՞նչ է կոքսարթրոզը. Մեկնաբանում է պրոֆեսոր Արմեն Չարչյանը

24.02.2023

Կոնքազդրային հոդի ցավը կարող է զարգացող կոքսարթրոզի նշան լինել։ Արթրոզների բոլոր տեսակների մեջ կոքսարթրոսը ամենատարածվածներից է: Կոքսարտրոզի առաջին աստիճանն ուղեկցվում է պարբերական ցավերով, հատկապես, եթե հիվանդը ծանրաբեռնել է ազդրի հոդերը, օրինակ՝ սպորտով զբաղվելուց հետո։ Ցավը կարող է առաջանալ նաև երկար քայլելուց հետո ծնկահոդի, ազդրի շրջանում և անցնել հանգստանալուց հետո։ Այս փուլում քայլվածքը պահպանվում է, մկանները ատրոֆիայի չեն ենթարկվում, պահպանվում են շարժումները։ Երկրորդ աստիճանի կոքսարթրոզն ուղեկցվում է ավելի ընդգծված ցավով։ Ցավը կարող է տարածվել ազդրի կամ աճուկի շրջանում: Եթե հիվանդի մոտ ախտորոշվել է հիվանդության զարգացման երկրորդ աստիճանը, ապա նվազագույն ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, հիվանդը կսկսի կաղել։ Կլինեն շարժումների նկատելի սահմանափակումներ։

Երրորդ աստիճանի կոքսարթրոզն ուղեկցվում է ուժեղ ցավերով։ Հիվանդը չի կարողանում նորմալ քայլել, ստիպված է շարժվել ձեռնափայտով։ Շարժումները խիստ սահմանափակ են, ազդրի, հետույքի և ոտքերի մկաններն ամբողջությամբ ենթարկվել են ատրոֆիայի, վերջույթը կարճացել է:

Կոկսարթրոզի պատճառները տարբեր են.

  • Ավելորդ քաշ
  • Հորմոնների, արյան շրջանառության, նյութափոխանակության խանգարումներ
  • Կիֆոզ, սկոլիոզ և ողնաշարի այլ հիվանդություններ
  • Հարթաթաթություն և ոտքերի հետ կապված այլ խնդիրներ
  • Տարիք, նստակյաց կյանք
  • Իդեոպաթիկ /անհայտ պատճառ/

Կոքսարթրոզի ախտորոշումից հետո ընտրվում է բուժման մեթոդը: Կոքսարթրոզի բուժումը կախված է հիվանդության զարգացման աստիճանից։ Հաշվի են առնվում հիվանդի տարիքը, ինքնազգացողությունը, հիվանդության զարգացման ընթացքը։ Շատ դեպքերում օգտագործվում է պահպանողական մեթոդ, սակայն կան իրավիճակներ, երբ վիրաբուժական միջամտությունն անխուսափելի է։ Առաջին աստիճանը բուժվում է տնային պայմաններում, քանի որ կոնքազդրային հոդի անատոմիական լուրջ փոփոխություններ դեռևս չկան։Կոքսարթրոզի երկրորդ աստիճանը բուժվում է դեղահաբերով, լազերային թերապիայով, էլեկտրոֆորեզով։ Կոքսարթրոզի երրորդ փուլը կարող է բուժվել ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ վիրաբուժական ճանապարհով:

Եթե դեղահաբերը, դեղերը, վարժությունները չեն օգնում, վիրահատության միջոցով կատարվում է հոդի փոխարինում պրոթեզով։ Իմպլանտացիայից հետո հոդի աշխատունակությունը լիովին վերականգնվում է, հիվանդը կարողանում է տեղաշարժվել, սպորտով զբաղվել, վարել նորմալ, ակտիվ կյանք։ Ճիշտ կենսակերպի դեպքում պրոթեզը կծառայի առնվազն 15-20 տարի։ Որքան շուտ դիմեք բժշկի, այնքան ավելի հեշտ կլինի բուժել կոքսարթրոզը և այնքան ավելի լավ արդյունք կունենաք:

Մեդիա