Պատմություն
1975 թ. ԽՍՀՄ -ի առողջապահության նախարարությունը որոշում է Անդրկովկասում բացել Խորհրդային Միությունում երկրորդ պրոկտոլոգիական հիվանդանոցը, որի ղեկավարումը վստահվում է ժամանակի լավագույն մասնագետներից մեկին՝ Լեմիկ Նազարովին:
– Երբ ինձ հրավիրեցին Մոսկվայից, կար հստակ առաջարկ՝ ստեղծել պրոկտոլոգիական հիվանդությունների բուժման կենտրոն: Ընտրությունը պետք է լիներ երեք քաղաքների մեջ,- ասում է Նազարովը:
Բաքվի, Թբիլիսիի և Երևանի միջև պրոֆեսոր Նազարովն ընտրում է իր հայրենի քաղաքը: Սկզբում, Երևանի 8-րդ հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում մի քանի մահճակալ է դրվում պրոկտոլոգիական հիվանդների համար, հետագայում այդ մի քանի մահճակալը դառնում է բաժանմունք, և ավելի ուշ՝ 1982 թ.-ին Նազարովը կառուցում է պրոկտոլոգիայի հիվանդանոցի շենքը, որը դառնում է պրոկտոլոգիական հիվանդներով զբաղվող մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտ:
Պրոկտոլոգիական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարումը հանձնվում է պրոֆեսոր Նազարովին: Բուժական գործին զուգահեռ, այստեղ նորարարություններ են ծնվում, բժիշկները պաշտպանում են թեկնածուական և դոկտորական թեզեր, մասնակցում Խորհրդային տարբեր հանրապետություններում անցկացվող գիտական սիմպոզիումներին: Նրանց գիտական հոդվածները տպագրվում են ոչ միայն տեղական, այլ նաև արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում: Բաժանմունքի ստեղծվելուց հետո բացվում է էնդոսկոպիկ կաբինետը, որը Հայաստանում առաջինն էր: Այստեղ առաջին անգամ սկսում են անել կոլոնոսկոպիա, գաստրոսկոպիա, տարբեր վիրահատություններ: Հիվանդանոցը Խորհրդային Միության այդ ժամանակի ամենալավ կահավորված, վերանորոգված և տեխնիկապես հագեցած հիվանդանոցն էր:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի առողջապահական համակարգը կանգնում է ծանր փորձության առջև, շատ հիվանդանոցներ գրեթե դադարում են գործել, ստեղծված տարերային իրավիճակում անհրաժեշտ էր վերակազմակերպվել, անցնել կառավարման նոր ձևի: Հայաստանում, թեև սկսվել էր համընդհանուր սեփականաշնորհման գործընթացը, բայց փորձի պակասը թույլ չէր տալիս արդյունավետ գործել : Տուժում էր և՛ բուժանձնակազմը, և՛ բնակչությունը: Մեծ գիտահետազոտական ինստիտուտը չէր կարողանում գոյատևել, որովհետև այստեղ ֆինանսավորման և պարտքերի կուտակման հարցն էր:
1998 թ-ին մահանում է ակադեմիկոս Նազարովը: Իրավիճակը փոքրիշատե փրկելու նպատակով հիվանդանոցին օգնության ձեռք է մեկնում «Գյուլբենկյան» հիմնադրամը: Տրամադրված միջոցներով գիտական ու բժշկական որոշ սարքավորումներ են գնվում:
2000 թ-ին հիվանդանոցը սեփականաշնորհվում է: Նոր սեփականատերը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, մեկ տարի անց հիվանդանոցը նվիրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Եվ այն վերանվանվեց «Սուրբ Ներսես Մեծ» Գիտաբժշկական կենտրոն:
Մայր Աթոռը պահպանեց այն գիտական ու բժշկական ներուժը, որ ուներ հիվանդանոցը: Բացի այդ, բացվեց նաև ութ նոր բաժանմունք, հիվանդանոցը դարձավ բազմամասնագիտական: Փոխվեց կառավարման համակարգը, բժշկական ծառայությունների շրջանակը, որակը: Հիվանդանոցի ֆինանասական համակարգը դարձավ թափանցիկ՝ բժշկական ծառայությունների արժեքների մասին տեղեկատվությունը փակցվեց բոլոր բաժանմունքներում: Դա անհամեմատելի մեծ փոփոխությունների ժամանակաշրջան էր, քանի որ բացի մասնագիտական հմտությունները, բուժանձնակազմը բարձր էր պահում Եկեղեցու անունը:
Բացվեցին նոր բաժանմունքներ՝ ուրոլոգիական, լաբորատորիա, վնասվածքաբանական բաժանմունք, որտեղ համատեղ կատարվել են բացառիկ վիրահատություններ, այդ թվում՝ հայտնի անձանց և մարզիկների, որոնք տարբեր ռեկոնստրուկտիվ վիրահատություններից հետո վերադարձել են ակտիվ սպորտին:
2002 թ-ից հիվանդանոցի համար նոր շրջան սկսվեց: Շենքի հիմնանորոգմանը զուգահեռ, գիտաբժշկական կենտրոնը համալրվեց նաև նոր սարքավորումներով: Շինարարության ընթացքում բուժական աշխատանքները ոչ մի րոպե չդադարեցին: Շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, կարելի է ասել, մի փոքր հեղափոխություն եղավ մեր երկրում ուրոլոգիայի ուլորտում բուժսպասարկաման մեջ. գնվեցին նոր սարքեր, որոնք այդ ժամանակ միակն էին Հայաստանում և տարածաշրջանում, դրանք հնարավորություն ընձեռեցին հիվանդներին բուժել առանց հատուկ ցավազրկման, ամբուլատոր և արագ:
Տեսնելով հիվանդանոցի հաջողությունները՝ Կալիֆորնիայի սփյուռքահայ բժիշկ, բարեգործ Կարո Դերձակյանը հիվանդանոցին է նվիրում ուլտրաձայնային նոր սարք, որը թույլ է տալիս հայտնաբերել շականակագեղձի քաղցկեղը վաղ շրջանում: Հիվանդանոցը ճանաչելի է դառնում ողջ հանրապետությունում, կենտրոնին միանում են անվանի ուրոլոգներ, բաժանմունքին մեկ ամբողջ հարկաբաժին է տրամադրվում: Նոր սարքավորումների շնորհիվ՝ միզապարկի փոխպատվաստման վիրահատությունը կրճատվում է մինչև մի քանի ժամ: Շատ չանցած, գրանցվում է տարածաշրջանային նորույթը, Կարո Դերձակյանի նվիրած լազերային թանկարժեք սարքը թույլ է տալիս Շագանակագեղձի լազերային վիրահատություններ իրականացնել: Բաց վիրահատություններ կենտրոնում կատարվում են 5 %-ից պակաս դեպքերում, այսինքն, առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի կարողանանք բուժել ժամանակից եղանակներով, առանց կտրվածքային վերքերի: Հիվանդներին առաջարկվում է այն, ինչ առաջարկվում է աշխարհի առաջադեմ կենտրոններում:
Կենտրոնի ՔԿԱ բաժանմունքը գործում է 2004 թ-ի նոյեմբերից: Բացի ՔԿԱ վիրահատությունները, այստեղ կատարվում են նաև պլաստիկ և դիմածնոտային վերականգնողական վիրահատություններ: Առաջին անգամ Հայաստանում այստեղ ներդրվել է գիշերային շնչականգի կանխարգելման և բուժման մեթոդը: Բոստոնում և Անգլիայում վերապատրաստվելուց հետո, մասնագետները տեղադրում են նաև արհեստական կոկորդ:
Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնի կյանքում ամենամեծ փոփոխությունն արվեց 2008թ-ին. «Իզմիրլյան» հիմնադրամի և Լուիս Սիմոն Մանուկյանի բարերարությամբ, սկսվեց կենտրոնի նոր մասնաշենքի կառուցումը: Այն, կամուրջ հիշեցնող շինությամբ միանում է գործող հիվանդանոցին՝ 6 հարկ վիրաբուժական բաժանմունքներով, ժամանակակից կահավորմամբ վիրահատարաններով, նախավիրահատական և հետվիրահատական սենյակներով՝ նախատեսված 140 հիվանդի միաժամանակյա բուժման համար: Հաշմանդամություն ունեցողների համար կան հատուկ սենյակներ: Այստեղ տեղակայված է նաև վարչական մասը՝ 260 տեղանոց նիստերի դահլիճը, որտեղ անցկացվում են գիտական կոնֆերանսներ ՝ հաճախ արտերկրից ժամանած բժիշկների մասնակցությամբ: Մասնաշենքն ունի նաև երկհարկանի ավտոկայանատեղի:
Վերանորոգումից հետո 2012 թվականին հիվանդանոցը վերանվանվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որն իր կազմում ընդգրկում է «Սուրբ Ներսես Մեծ» Գիտակրթական կենտրոնը: