Խանդավառությամբ և ցնծությամբ նշեցինք Մեր փրկչի և Տիրոջ – Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և հայտնության Տոնը
14.01.2016
Յուրաքանչյուր տարեսկզբի առաջին աշխատանքային օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում աշխատող անձինք հավաքվում են` մեկտեղ շնորհավորելու Ամենայն Հայոց Հայրապետի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Ավանդաբար շնորհավորանքի խոսքով հանդես է գալիս որևէ կառույցի ղեկավար: Այս անգամ այդ պատվին արժանացավ և ներկաներին շնորհավորեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը:
«Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր, Կաթողիկոս և Գերագույն Պատրիարք Ամենայն Հայոց, Վեհափառ Տեր.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության մեծարգո աշխատակիցներ, հարգարժան հյուրեր .
Մենք բոլորս հոգու մեծ խանդավառությամբ և ցնծությամբ նշեցինք Մեր փրկչի և Տիրոջ – Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և հայտնության Տոնը:
Քրիստոս Ծնավ և հայտնեցավ
Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի
Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս
Քրիստոսի պայծառափայլ Հայտնությունը բոլորիս համար ամեն տարի, թերևս, նաև մի որոշակի եզրագիծ է, երբ մենք պետք է մի պահ կանգ առնենք, մերկանանք հոգով Աստծո և Մեր առջև ու հետադարձ հայացք ձգենք անցյալ տարուն գնահատենք հաղթանակները և ձեռքբերումները, ինչպես նաև նախանշենք անելիքները: Իսկ տարին Հայ Առաքելական եկեղեցու համար շատ բովանդակալից էր և արգասաբեր: Նախ և առաջ դա Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցն էր: Եվ Ձեր, Վեհափառ Տեր, Ձեր գլխավորությամբ Մայր Աթոռի պաշտոնեության, ինչպես նաև Ձեր առաջնորդությամբ համայն հայության ահռելի ջանքերի ղողանջը սփռվեց ամբողջ աշխարհում, Տիեզերքում Աստվածային: Այդ ղողանջը իր հաղթական երթն ավարտեց ամբողջ առաջադեմ մարդկության սրտերում և հոգիներում: Թերևս, աշխարհասփյուռ հայությունը երբևէ այսքան միահամուռ և համախմբված չէր եղել: Եվ այնպես հաղթական, որ աշխարհի մայրաքաղաքը համարվող հավերժական Հռոմում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Նորին Սրբության Պապը Ձերդ Սրբության և Նորի Տան Կիլիկիո կաթողիկոսի հետ համատեղ 1.5 միլիոն նահատակների հիշատակի հանդիսավոր պատարագ մատուցեցիք, Գրիգոր Նարեկացուն հռչակեցիք Տիեզերական Վարդապետ, իսկ Պապը ի լուր համայն աշխարհի 100 տարի առաջ կատարված ոճրագործությունը որակվեց որպես ցեղասպանություն: Դա, Ձերդ Սրբություն, ի շնորհիվ Ձեզ, միևնույն ժամանակ աշխարհիս մեծերի կողմից Ձերդ Սրբություն Գերագույն գնահատականն էր և հարգանքի տուրքը:
Դրա վառ ապացույցն էր նաև, որ 100-ամյակի արարողությանը ներկա էին աշխարհի գերտերությունների ամենաբարձրաստիճան այրերը:
Ձերդ Սրբություն, այս տարի կատարվեց արարողակարգ, որը Հայ Առաքելական Եկեղեցու պատմության մեջ 400 տարի ի վեր չէր եղել: Դա Հայոց եղեռնի 1.5 միլիոն նահատակների սրբադասման արարողությունն էր: Դուք վերածնեցիք, շունչ ու հոգի տվեցիք նրան, ինչ մեր մեջ սառել էր վաղուց, և թվում էր մոռացյալ: Աննախադեպ էր կարգը նաև իր ծավալով: Ես փորձեցի գտնել պատմության մեջ ևս նմանատիպ մի արարողություն: Սրբադասման ամենաբազմաթիվ օրինակը Բեթղեհեմում, սրի հանված տղա երեխաներն էին` 14.000, իսկ այստեղ 1.5 միլիոն: Սա անքննելիորեն վկայակոչում է Ձերդ Սրբության մտքի և գործի համաշխարհային, համատիեզերական չափը:
Հիրավի` Հզոր Առաջնորդ, Ուժեղ եկեղեցի: Ձերդ Սրբության, Ձերդ Գահակալության շրջանում դիտվում է ինչպես եկեղեցու սպասավորների, այսպես էլ ողջ ազգի հոգևոր կյանքի վերածնունդ: Գերարագ զարգանում է եկեղեցաշինությունը բառիս ուղղակի և անուղղակի առումներով:
Խոնարհվելով և հարգանքի գերագույն տուրք մատուցելով ազգիս նախորդ հոգևոր առաջնորդներին, անհնար է չտեսնել առավել ևս սրտի գորովանքով չփառաբանել այն, որ Ձերդ Սրբության գահակալության օրոք միայն Մայր Աթոռում կառուցվել են նույնքան շենք և շինություն, որքան եղել է մինչ Ձերդ Սրբության Առաջնորդությունը:
Վեհափառ Տեր Մարդուս գործերը ըստ արժանվույնս գնահատում են սերունդները: Ժամանական է այն անաչառ դատավորը, որ ի վերջո ասում է իր ազնիվ, արդար և խիստ դատավճիռը: Սերունդները, տեսնելով և գնահատելով Ձերդ Սրբության գահակալության օրոք Հայ Առաքելական եկեղեցու զարգացման, բարեկեցության և առաջադիմության բարձունքները` խոնարհվելու են Ձերդ Սրբության առջև և ազգովի շնորհելու են Ձեզ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ ստեղծագործ կամ կառուցող կամ եկեղեցակառույց բարձրագույն տիտղոսը: Դա է անհաս փառքի ճամփան»:
Վեհափառ Տեր,
Այսօր մենք բոլորս եկել ենք Ձերդ Սրբությանը խոնարհվելու և արժանանալու Ձեր աջը համբուրելու պատվին, եկել ենք մեր խորին ակնածանքն ու հարգանքը մատուցելու Ձեզ՝ Տիրոջ Ծննդյան և Հայտնության առիթով: Եվ, ինչպես իմաստունները մոտենալով Տիրոջ Մսուրին Պայծառափայլ տոնի կապակցությամբ իրենց նվերներն ու ընծաները մատուցեցին Տիրոջը, այսպես էլ, մենք նույն պայծառափայլ տոնի կապակցությամբ բերել ենք Ձերդ Սրբությունը մեր ընծաները: Դրանք աներևույթ են, սակայն շատ ջերմ: Դա յուրաքանչյուրիս հոգու մի մասնիկն է:
Որդիական խոնարհությամբ համբուրում եմ Ձեր աջը: