Հերթագրում

Միզաքարային հիվանդություն

23.08.2021

Միզաքարային հիվանդությունը (ուրոլիթիաս) քրոնիկ հիվանդություն է, որը բնութագրվում է երիկամի բաժակներում, ավազանում, միզածորանում, միզապարկում մեզի մեջ լուծված աղերի կամ թթուների բյուրեղացմամբ, միզային քարերի  ձևավորմամբ և տեղաշարժմամբ միզածորաններով  դեպի միզպարկ և միզուկ։ 
Միզային ավազաքարերի մի մասը  աննկատ արտազատվում է միզելիս, սակայն, որոշ դեպքերում դրանց հեռացման համար կարող են պահանջվել ակտիվ բուժական միջամտություններ:
  Միզաքարային հիվանդության տարածվածությունը
Կյանքի որոշակի ժամանակահատվածում միզաքարային հիվանդություն կամ միզային քարեր կարող են ձևավորվել 10 մարդուց մեկի մոտ։ Մարդու կյանքի ընթացքում միզային քարերի առաջացման վտանգը կազմում է 5-10%, տղամարդկանց մոտ  3 անգամ ավելի շատ, քան կանանց մոտ, ընդորում 30-ից 50 տարեկանների մոտ ավելի հաճախ` պայմանավորված ապրելակերպի և սննդակարգի հետ:
Միզային քարեր կարող են ձևավորվել մարդու ողջ կյանքի ընթացքում:
 Միզային քարերի առաջացման պատճառները.
 Միզային քարերը հաճախակի առաջանում են օրգանական ,կորիզիե շուրջը, որին հիմք կարող են ծառայել երիկամի ավազանի շերտազատված բջիջները, լեյկոցիտների կուտակումները, արյան մակարդուկները և այլն։ Բոլոր դեպքերում, միզայի աղերի կուտակումները կապված են կամ մեզի մեջ դրանց խտության ավելացման, կամ դրանց լուծելիության նվազման հետ, ինչը կարող է առաջանալ մեզի թթվա- հիմնային հավասարակշռության (ph) փոփոխության և այսպես կոչված այն պաշտպանիչ կոլոիդների նվազման պատճառով, ինչերը այնպիսի գերհագեցած լուծույթում, ինչպիսին մեզն է, լուծելիության կայունություն են ապահովում։ 
Միզաքարային հիվանդության կլինիկական պատկերը  
Տարբերակում են միզաքարային հիվանդության միջնոպայական շրջան և միզաքարային հիվանդության նոպա՝ երիկամային խիթ։
Միզաքարային հիվանդության միջնոպայական շրջանում հիվանդների ճնշող մեծամասնությունը որևէ գանգատ չունի, երբեմն լինում են գոտկային շրջանի բութ ցավեր, մեզի հետազոտության ժամանակ հայտնաբերվում է ոչ մշտական միզարյունություն և միզային աղերի բյուրեղներ։
Մեծամասամբ դեպքերում միզաքարային հիվանդության առաջին դրսևորում է հանդիսանում միզածորանով քարի տեղաշարժման հետևանքով առաջացող երիկամային խիթի նոպան։
Երիկամային խիթի նոպան սկսվում է հանկարծակի՝ հաճախ ֆիզիկական լարվածությունից, ցնցումներից հետո։ Ցավերը տեղակայվում են գոտկային շրջանում, ճառագայթվում են ներքև միզածորանների ուղղությամբ դեպի սեռական օրգանները։
Ցավերը կարող են լինել շատ ուժեղ, հիվանդը անընդհատ փոխում է իր դիրքը, հարմար տեղ չի գտնում, ժամանակ առ ժամանակ ցավը կարող է թուլանալ, հետո ավելի ուժեղանալ։ Երիկամային խիթի նոպան ուղեկցվում է ցավոտ միզարձակմամբ, որովայնի փքվածությամբ, սրտխառնոցով, փորկապությամբ, ջերմության բարձրացմամբ։
Նոպան դադարում է, երբ միզային քարը ընկնում է միզապարկ կամ միզուկով արտազատվում է։ Երիկամային խիթի նոպաների հաճախականությունը տարբեր է, այն կարող է կրկնվել մի քանի անգամ ամսվա ընթացքում և մի անգամ մի քանի տարին մեկ։
Երիկամային խիթը սուր հիվանդության վիճակ է, որի պատճառով հիվանդները պետք է անհապաղ դիմեն ընտանեկան բժշկին կամ մոտակա մասնագիտացված հիվանդանոց:  
 Ախտորոշումը
 Երիկամային խիթի նոպային բնորոշ ախտանիշերի առկայության դեպքում միզաքարային հիվանդության ախտորոշումը դժվար չի, սակայն անհրաժեշտ է կատարել առաջնային բժշկական զննում և մի շարք լաբորատոր հետազոտություններ` ճշտելու համար հիվանդի մոտ առկա ախտանիշների պատճառները, որից հետո վերջնական ախտորոշման համար պետք է կատարվեն նաև գործիքային հետազոտություններ՝ ուլտրաձայնային (սոնոգրաֆիա), ռենտգենյան, համակարգչային շերտագրում և այլն։
 Ընթացքը և բարդությունները
 Միզային քարերի երկարատև առկայությունը երիկամի բաժակներում, ավազանում, միզածորանում, միզապարկում չի մնում անհետևանք,  հաճախակի առաջանում է միզային ուղիների խցանում, երիկամի ջրակալում՝ հիդրոնեֆրոզ, երիկամի հյուսվածքների հետաճի և նրա գործունեության դադարեցում, ինչպես նաև բորբոքային այլ բարդություններ՝ ընդհուպ երիկամային անբավարարություն;
 Բուժումը
Միզաքարային հիվանդության միջնոպայական շրջանում ոչ բոլոր դեպքերում է  պահանջվում բուժում: Բուժական օգնություն ցուցաբերվում է, եթե քարը հիվանդի մոտ առաջացնում է երիկամային խիթ, անհանգստություն և մեզի հետ չի արտազատվում ինքնաբերաբար, եթե արդեն կան այլ ուղեկցող հիվանդություններ և բարդությունների առաջացման վտանգ:
Եթե հնարավոր է միզային քարի ինքնաբերական արտազատում մեզի հետ, նշանակվում է այդ գործընթացին նպաստող դեղորայք, այսինքն պահպանողական դեղորայքային բուժում, ըստ ցուցումների դեղորայք ( ալֆա-պաշարիչներ կամ հակակծկումային դեղեր) ցավը թեթևացնելու և քարից ազատվելու համար՝ այսպես կոչված  միզային քարերի դեղորայքային արտամղող բուժում, ինչն առավել արդյունավետ է միզածորանի քարերի դեպքում:Դեղորայքային արտամղող բուժման ընթացքում հիվանդը պետք է գտնվի բժշկի մշտական հսկողության տակ, այցելի իր բժշկին` պարբերաբար ստուգելու և պարզելու համար, թե քարը տեղաշարժվել է, փշրվել է և չկա արդյոք երիկամների արտազատիչ գործունեության խանգարում:Այն դեպքում, երբ ուժեղանում են եղած կամ ի հայտ են գալիս նոր ախտանիշեր պետք է սկսել քարի ակտիվ հեռացման գործընթացը:
 Միզային քարերի հեռացման ժամանակակից երեք ամենատարածված մեթոդներն են.
- հեռահար հարվածալիքային քարափշրում (SWL)
- ուրեթերոռենոսկոպիա (URS)
- միջմաշկային երիկամաքարահատում (PNL).
Միզաքարային հիվանդությամբ տառապող հիվանդների բուժման ամենաբարենպաստ տարբերակի ընտրությունը կախված է բազմաթիվ գործոններից: Ամենակարևոր գործոնը բուն միզային քարի առկայությամբ առաջացած ախտանշաններն են: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քարը գտնվում է երիկամում կամ միզածորանում`   կարող են կիրառվել բուժման տարբեր մեթոդներ:
 Հեռահար հարվածալիքային քարափշրում (SWL)
 Հեռահար հարվածալիքային քարափշրումն իրականացվում է հատուկ սարքի միջոցով, ինչը հնարավոր է դարձրել միզային քարերը փշրել առանց ներխուժելու հիվանդի մարմնի մեջ`միզաքյին քարը փշրվում է մաշկի միջով փոխանցվող կիզակետված հարվածային ալիքներով (բարձր էներգիայի ձայնային ալիքների կարճ իմպուլսներ): Քարի վրա ներգործող հարվածային ալիքի էներգիան, խախտում է քարի ամբողջականությունը` այն վերածելով փոքրիկ բեկորների:Միզային քարի բեկորները հեռահար քարափշրումից հետո, առաջիկա մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում արտազատվում են մեզի հետ:
 Ուրեթերոռենոսկոպիական  քարափշրում (URS) 
 Բուժման այս մեթոդի կիրառման ժամանակ օգտագործվում է միզային ուղիների ներզննման փոքր տրամաչափի սարքը: Ուրեթերոռենոսկոպիայի մեթոդով բուժումն առանձնանում է բարձր արդյունավետությամբ և հազվադեպ բարդություններով: Այն իրականացվում է հիվանդի անզգայացմամբ՝ քարերը փշրվում են և հեռացվում առանց կտրվածքների և հյուսվածքների ամբողջականության խախտման՝ միզուղիներով:
 Միջմաշկային երիկամաքարահատում (PNL).
 Միջմաշկային երիկամաքարահատումը երիկամների մեծ քարերը հեռացնելու ներզննական վիրահատական մեթոդ է: Դրա առավելությունն այն է, որ նույնիսկ շատ մեծ երիկամային քարեր կարող են հեռացվել վիրահատական մեկ գործողության ընթացքում:
Միջմաշկային երիկամաքարահատումը կատարվում է ընդհանուր կամ էպիդուրալ անզգայացման տակ` գոտկային շրջանից երիկամի պունկցիայի (ներծակելու)  միջոցով:
Բաց վիրահատական քարահատում .
Ներկայում միզային քարերի հեռացման բաց վիրահատություն հազվադեպ է կատարվում: Այն օգտագործվում է բարդ կամ հատուկ ցուցումների դեպքերում:
Միզային նոր քարերի առաջացման կանխարգելում
Միզային քարը հեռացնելուց հետո  պարզում են, նոր միզային քարի առաջացման վտանգը, ինչի համար նախ անհրաժեշտ է հետազոտել հեռացված միզային քարի քիմիական կառուցվածքը,  ուսումնասիրում են արյան եւ մեզի հետազոտությունների արդյունքները, մինչև բուժումը և բուժումից հետո: Եթե նոր միզային քարի առաջացման  վտանգը ցածր է, կենսակերպի փոփոխությունների կապակցությամբ խորհրդատվությունը բավարար է` նվազեցնելու նոր քարերի ձևավորման վտանգը: Խորհուրդ է տրվում ամեն օր խմել 2- 2,5 լիտր չեզոք հեղուկ՝ ինչպիսին ջուրն է, հավասարաչափ` ողջ օրվա ընթացքում։ Օրվա ընթացքում մեզի  քանակը պետք է լինի մոտ 2 լիտր, այն պետք է լինի բաց դեղնավուն գույնի։ Եթե շոգ է եղանակը է կամ կատարում եք ֆիզիկական շատ և ծանր աշխատանք խմեք ավելի շատ հեղուկներ,: Այն կօգնի հավասարակշռելու հեղուկի կորուստը:
Սննդակարգ
Կախված անհատական առանձնահատկություններից խորհուրդ է տրվում  սնվել համապատասխան, հավասարակշռված և բազմազան սննդակարգով, ավելի շատ օգտագործել բանջարեղեն (բուսական մանրաթել) և մրգեր (հատկապես ցիտրուսային),
օգտագործել օքսալատների ցածր պարունակությամբ մթերքներ (ձու, ոսպ, սպիտակ բրինձ, խնձոր, խաղող, ծաղկակաղամբ)։
Սնունդը պետք է պարունակի բավարար քանակությամբ կալցիում (մոտ 1000 մգ օրական). Սակայն, պետք է զգույշ լինել կալցիումական հավելումներից,
Պետք է նվազեցնել կերակրի աղի քանակը սննդակարգում (օրական ոչ ավելի, քան 3-5 գրամ),
Սահմանափակել կենդանական սպիտակուցների, հատկապես երիտասարդ կենդանիների միսը փոխարինել բուսական սպիտակուցներով, օրինակ ավոկադո, ծաղկակաղամբ կամ ոլոռ,
Պահպանել մարմնի քաշը (մարմնի մասսայի ինդեքսը պետք է լինի 18-25 կգ/մ2):
Նյութափոխանակության գնահատում
 Եթե առկա է միզային քարի առաջացման մեծ վտանգ, նշանակվում են նյութափոխանակության գնահատման, արյան և մեզի հետազոտություններ և կախված այդ հետազոտությունների արդյունքներից, որոշում են թե հետագայում ինչ բուժման   անհրաժեշտություն կարող է լինել և նշանակվում է համապատասխան դեղորայք:  
Առողջարարական սովորություններ
Հետևել առողջ ապրելակերպի դրույթներին, դա միշտ էլ լավ գաղափար է։
Զբաղվել սպորտով և ֆիզիկական վարժություններով շաբաթը 2-3 անգամ։
Խուսափել սթրեսային իրավիճակներից:
Եղե՛ք առողջ: 
Ա.Մ.Գրաբսկի
«Իզմիրելյան» բժշկական կենտրոնի Ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, 
Բժշկական գիտությունների դոկտոր