Հերթագրում

Ուրոլոգիական գիտաժողովը համախմբեց Հայաստանի և արտերկրի հեղինակավոր մասնագետներին

29.09.2015

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 17-րդ տարեկան  երկօրյա գիտաժողովը «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ում  համախմբեց  ԱՊՀ երկրների և  ԱՄՆ-ի, համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք մասնագետների:


Արդեն 17 տարի է, ինչ Հայկական ուրոլոգիական ասոցիացիան անընդմեջ կազմակերպում  է ամենամյա հավաքներ, որոնք վկայում են Հայաստանի ուրոլոգների մասնագիտական որակի, բարձր  պատրաստվածության և համախմբվածության մասին:

«Պետք է փաստենք, որ այս տարի զարգացման նոր բարձրանիշ ենք վերցրել`: Տարեցտարի փորձի  փոխանակման նպատակով նորանոր մասնագետներ են ժամանում Հայաստան»,-  ողջունելով գիտաժողովի մասնակիցներին ասաց  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Հայաստանում ուրոլոգիական ծառայությունը զարգացնելու գործում նա առանձնահատուկ  ընդգծեց Սփյուռքի անվանի հայ մասնագետների անգնահատելի դերակատարությունը:


Արմեն Մուրադյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ առաջին անգամ  գիտաժողովի մասնակիցներին կտրվեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված պաշտոնական, տեսական և գործնական շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ)  կրեդիտներ, որոնք առաջիկայում  հավաստագրման կենտրոնի կողմից տրվող մասնագիտական գործունեություն իրականացնելու անհրաժեշտ  պայման են հանդիսանալու:

Արմեն Մուրադյանի գնահատմամբ`  հերթական գիտաժողովը թույլ է տալիս յուրաքանչյուր տարի վերլուծել ողջ տարվա ընթացքում  կատարած աշխատանքը, արձանագրել ձեռքբերումներն ու բացթողումները,  սահմանել գերակայությունները և ուրվագծել հետագա զարգացման ուղիները:

Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիացի նախագահ Արթուր Գրաբսկին նշեց, որ կազմակերպվող տարեկան գիտաժողովներն ամենախոշոր  մասնագիտական միջոցառումներն են, որոնք Հայաստանի ուրոլոգներին հնարավորություն են տալիս ծանոթանալ ոլորտի նորարարություններին:


«Այս տարի գիտաժողովի շրջանակում տեղի կունենա մոսկովյան ուրոլոգիական դպրոցի դասընթաց, որը նվիրված կլինի ուռուցքաուրոլոգիային և ստորին միզուղիների օրգանների ֆունկցիոնալ խանգարումներին: Լապորոսկոպիկ ուրոլոգիայի քննարկման ժամանակ նախատեսված է վիրահատության փուլերի ուղիղ հեռարձակում: Ռեզիդենտների և երիտասարդ ուրոլոգների համար առաջին անգամ կանցկացվի նաև լապորոսկոպիկ ուրոլոգիայի դասընթաց»,- նշեց կառույցի ղեկավարը:


ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգ, պրոֆեսոր  Իվան Աղաջանյանը իր ելույթում նկատեց, որ  ուրոլոգիան  շնորհիվ արտերկրի գործընկերների հետ ակտիվ համագործակցության, փորձի փոխանակման վերջին տարիներին մեր երկրում սրընթաց վերելք է ապրել:

Գիտաժողովի ընթացքում քննարկվող թեմաների շրջանակն ընդգրկուն է:  Դրանք վերաբերվում  են ժամանակակից գործնական ուրոլոգիայի գիտական և տեսական լուծումներ պահանջող արդիական մի շարք խնդիրների: 


Հիմնադրման առաջին իսկ պահից Հայկական ուրոլոգիական ասոցիացիան ընտրել է  համաշխարային առաջադեմ ուրոլոգիական կազմակերպությունների հետ մասնագիտական ինտեգրացման ուղին:


Մասնակիցների խոսքով` Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 17-րդ գիտաժողովը ամենամյա մասնագիտական ամենալուրջ ստուգատեսն է,  թե՛ անհատ մասնագետ ուրոլոգների, թե՛ Հայաստանի ուրոլոգիական համայնքի համար:


Նշենք, որ գիտաժողովն  այս տարի անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում: