Հերթագրում

Տարին 5000-ից ավելի հիվանդ է վիրահատվում «Իզմիրլյան» կենտրոնում, և 14-15 հազար հիվանդի ցույց է տրվում ամբուլատոր բուժօգնություն, ինչը լուրջ ցուցանիշ է

29.12.2015

1975 թ. Մոսկվան որոշում է Անդրկովկասում բացել Խորհրդային Միությունում երկրորդ պրոկտոլոգիական հիվանդանոցը: 2000 թ. հիվանդանոցը սեփականաշնորհվում է: Նոր սեփականատերը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, մեկ տարի անց հիվանդանոցը նվիրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և այն վերանվանվում է՝ կոչվելով «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոն: 2002-ից հիվանդանոցի համար նոր շրջան սկսվեց: Շենքի հիմնանորոգմանը զուգահեռ, գիտաբժշկական կենտրոնը համալրվեց նաև նոր սարքավորումներով: Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնի կյանքում ամենամեծ փոփոխությունը տեղի ունեցավ 2008-ին. «Իզմիրլյան» հիմնադրամի և Լուիս Սիմոն Մանուկյանի բարերարությամբ սկսվեց կենտրոնի նոր մասնաշենքի կառուցումը: Վերանորոգումից հետո հիվանդանոցը վերանվանվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի, որն իր կազմում ընդգրկում է Սուրբ Ներսես Մեծ գիտակրթական կենտրոնը:

Մեր զրուցակիցն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:

–   Պարոն Չարչյան, ե՞րբ սկսեցիք Ձեր գործունեությունը բժշկական համալիրում: 

–   «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում սկսել եմ աշխատել 2014 թ. հուլիսի 3-ից, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը ինձ որպես տնօրեն ներկայացրեց աշխատակազմին:

–   Իզմիրլյան բժշկական կենտրոնը ղեկավարելու տարիներին ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք:

–   …Երևի թե այլ ուղեծրում եմ ապրում… Առաջնայինը ոչ թե նյութական , այլ բարոյական արժեքներն են: Նյութական արժեքները որոշակի գործունեության հետևանք, արդյունք են, բայց ոչ գերագույն նպատակ: Բարոյահոգեբանական և փոխվստահության առողջ համակարգ ձևավորելու պարագայում դրական արդյունքը երկար սպասեցնել չի տալիս: Առաջին ուղերձս աշխատակազմին հետևյալն էր՝ ես ձեզանից մեկն եմ, ձեզ նման վիրաբույժ եմ և երբեք չեմ դադարելու իմ մասնագիտությամբ զբաղվել, քանի որ այն իմ էությունն է: Երբեք վիրաբուժությունը չեմ փոխի վարչական աշխատանքի հետ: Թերևս կարող եմ համատեղել, ինչպես ներկայումս, բայց փոխել՝ երբեք: Երկրորդը՝ ես ձեր հակառակորդը չեմ. մենք միասին բարիկադի նույն կողմում ենք: Ունենք 280 աշխատակից, ովքեր իրենց գործում արհեստավարժ են: Կլինիկայում մեկ տարի աշխատելուց հետո, հետադարձ հայացք ձգելով անցած ճանապարհին, փորձեցի գնահատել և արժևորել այդ ընթացում արված աշխատանքը: Ամենակարևոր ձեռքբերումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ճանաչելիության կտրուկ աճն է, ինչպես նաև բժիշկների աչքերի փայլն ու խանդավառությունը: Տնտեսական այս բարդ պայմաններում այդ ձեռքբերումների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք ապահովել որակյալ բուժօգնություն: Տարին 5000-ից ավելի հիվանդ է մեր կենտրոնում վիրահատվում, 14-15 հազար հիվանդի ցույց է տրվում ամբուլատոր բուժօգնություն, ինչը լուրջ ցուցանիշ է:

–   Ի՞նչ եք կարծում, Մայր Աթոռին պատկանելն իր հոգեբանական, դրական ազդեցությունն ունի՞ այցելուների վրա:

–   Իհարկե, խիստ պատասխանատու և պատվաբեր է լինել Մայր Աթոռի պատկան մարմինը, քանի որ շրջանառվում է ոչ միայն մեր անունը: Հիվանդանոցի ներսում ունենք Մայր Աթոռի կողմից նշանակված հոգևոր տեսուչ՝ Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը, պայծառագույն անձնավորություն, ով մշտապես համայց է կատարում հիվանդանոց, շփվում հիվանդների հետ, օրհնում նրանց: Այս շփումը հիվանդներին առավել գոտեպնդում և ոգևորում է:

–   Ի՞նչ նշանաբանով եք առաջնորդվում որպես ղեկավար և որպես բժիշկ:

–   Միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ բուժում: Մեր կլինիկան ձգտում է բավարարել միջազգային բարձրակարգ չափորոշիչների պահանջները:  Հիվանդանոցը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, պրոկտոլոգիայի, ուրոլոգիայի, ընդհանուր վիրաբուժության, քիթ-կոկորդ ականջաբանության, վնասվածքաբանության բաժիններն իրենց ոլորտներում համապատասխանում են միջազգային բարձրակարգ կլինիկաների չափանիշներին: Համագործակցում ենք Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Գերմանիայի և զարգացած այլ երկրների առաջատար կլինիկաների մասնագետների հետ, ինչպիսիք են՝ համաշխարհային ճանաչում ունեցող ուրոլոգ ՝ Կարո Դերձակյանը,  Միացյալ Նահանգներից, Միքայել Մոսոյանը  Սանկտ Պետերբուրգից, Խաչատուր Բադալյանը  Մոսկվայից,   Միշել Կամելին Ֆրանսիայից, պրոֆեսոր Բյորնը Նորվեգիայից և այլ բարձրակարգ մասնագետները:

–   Պարոն Չարչյան, գուցե պարզունակ է հարցս, բայց ի՞նչ ասել է բժիշկ:

–   Հին Հունաստանում բժշկի խորհրդանիշը այրվող մոմն էր: Ներքևում գրված էր՝ այրվելով եմ լույս տալիս: Գիտեք, ոչ միայն բժշկի, այլև յուրաքանչյուր մասնագիտություն պահանջում է նվիրվածություն, սիրտ ու հոգի: Բժիշկը նախ պետք է հոգեբանորեն պատրաստ լինի իր աշխատանքին, ունենա անկոտրում կամք, որպեսզի ոչ մի իրավիճակում չընկճվի, չհիասթափվի, իսկ հիասթափության վայրկյանները բժշկի մասնագիտության մեջ շատ են: Բժիշկները լոկ մարդիկ են, ովքեր օգտագործում են ի վերուստ տրված շնորհը, բայց նրանք Աստված չեն: Երբեմն դժվար է այս միտքը բացատրել մարդկանց: Մշտապես առկա է իրականության և հիվանդի ակնկալիքի կոնֆլիկտը: Հիվանդը կարող է չգնահատել այն արդյունքը, ինչին մեծ ջանքերով է հասնում բժիշկը:

–   Պարոն Չարչյան, շուտով Նոր տարի է, ի՞նչ եք մաղթում Ձեր այցելուներին և գործընկերներին:

–   Իմ ազգին ես ցանկանում եմ սեր, հավատ և հույս: Հավատ արդարության, ազնվության, բժշկության, ապագայի նկատմամբ: Սերը Աստծո գերագույն պարգևն է մարդկությանը: Իսկ աշխատակիցներին, գործընկերներին մաղթում եմ ուժ և կորով, որպեսզի այն սկզբունքները, որոնց հետևում են, մշտապես ուղեցույց լինեն նրանց և արդյունք տան: