Հերթագրում

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը համագործակցություն է սկսում Փարիզի «Ֆոշ» բժշկական կենտրոնի հետ

14.02.2024

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն էր այցելել Փարիզի «Ֆոշ» բժշկական կենտրոնի միջազգային կապերի տնօրեն՝ բժիշկ ուռուցքաբան, արյունաբան Սերժ Բոնետիեն։ Նշենք, որ «Ֆոշ» բժշկական կենտրոնը հանդիսանում է Փարիզի ամենամեծ համալսարանական կենտրոններից մեկը և ազգային և միջազգային ճանաչում ունեցող ռեֆեռենս բժշկական հաստատություն է:

 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի, կլինիկական գծով տնօրենի տեղակալ՝ բժիշկ Տիգրան Նալբանդյանի և ադմինիստրատիվ զարգացման գծով տնօրենի տեղակալ՝ բժիշկ Միքայել Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու բժշկական հաստատությունների համագործակցության հնարավոր ուղղությունները։ Քննարկվել են հիվանդանոցում աշխատանքի կազմակերպման ու կառավարման լուծումները, ինչպես նաև Հայաստանում վիրաբուժության զարգացման ուղիները։

 

Հանդիպման ընթացքում բժիշկ Տ. Նալբանդյանը ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կառուցվածքը և ուսումնագիտական գործունեությունը։

Պրոֆեսոր Ա. Չարչյանն անդրադարձավ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի զարգացման՝ այդ թվում նաև նոր մասնաշենքի կառուցման հեռանկարներին։ Բժիշկ Բոնետիեն գործընկերներին ծանոթացրեց «Ֆոշ» բժշկական կենտրոնի մասնագիտական բժշկական, վիրաբուժական, ուսումնական և հետազոտական գործունեությանը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատանքի բարելավման և նոր ուղղությունների զարգացման ռազմավարության վերաբերյալ առաջարկությունները։

 

Երկու հաստատությունների պատվիրակությունները նախատեսում են պաշտոնական այցեր՝ համագործակցության ծրագրի մշակման, «Ֆոշ» բժշկական կենտրոնում խորացված վերապատրաստման դասընթացների կազմակերպման և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կողմից առաջարկված ոլորտների վերաբերյալ կոնֆերանսների կազմակերպման թեմաներով։