Գրիպի սեզոնին ընդառաջ
30.09.2015
Ամեն տարի, գրիպի սեզոնին ընդառաջ առողջապահության նախարարությունը մշակում և տեղայնացնում է բոլոր այն միջոցառումները, որոնք կոչված են բնակչության առողջության ամրապնդմանը, անգամ եթե դրանք վերաբերում են հետգրիպային բարդություններին: Դրանք միտված են նաև գրիպի սեզոնի ընթացքում առողջապահության համակարգի վրա հիվանդացության բեռի նվազեցմանը։
Առողջապահության նախարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կազմակերպել և իրականացրել է հանրապետության հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների մասնագետների սեմինար-խորհրդակցություն «Գրիպի բարդություններով հիվանդների կլինիկական վարումը» խորագրով։ Դասընթացին ընդգրկվել են առաջին հերթին մարզային հիվանդանոցների մասնագետները:
Առաջին անգամ կրթական գործընթացն իրականացվել է ինչպես թեմատիկ, այնպես էլ` գործնական հիմունքներով: Գործնական պարապմունքն անցկացվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները բարձր են գնահատել առողջապահության ոլորտի պատասխանատուների աչալրջությունը, նախապատրաստությունը գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողության և հիվանդների կլինիկական վարման գործընթացին:
Աղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն