Ինսուլինոմա. բացառիկ վիրահատություն Իզմիրլյան ԲԿ-ում
13.12.2023
51-ամյա Կ․Հ-ն Իզմիրլյան ԲԿ-ի էնդոկրին վիրաբույժին էր դիմել 2023 թ սեպտեմբերին: Գանգատվում էր գլխացավից, երկտեսությունից, գիտակցության մթագնումից, դյուրագրգռվածությունից, թուլության, դողի, սրտխփոցի, մշտական սովի զգացողությունից։
Վերոնշյալ գանգատները բուժառուին անհանգստացրել են մոտ 7 տարի։ Առաջին անգամ անգիտակից վիճակում տեղափոխվել է բնակավայրի հիվանդանոց գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում նախնական ախտորոշմամբ։ Հետազոտվել է, նյարդաբանական ախտորոշումը հերքվել է, գիտակցությունը վերականգնվել է ինֆուզիոն, սիմպտոմատիկ բուժմամբ։
Արյան բիոքիմիական քննությամբ հայտնաբերվել է արտահայտված հիպոգլիկեմիա (1,2 մմոլ/լ)։ Հետազոտվել է թերապևտի և էնդոկրինոլոգի կողմից, սակայն հիպոգլիկեմիայի որևէ պատճառ չի հայտնաբերվել։ Բուժառուին խորհուրդ է տրվել հաճախակի քաղցր սնունդ օգտագործել, սակայն վերը նշված գանգատներն ու լաբորատոր քննությամբ արտահայտված հիպոգլիկեմիան պահպանվել են։ Արդյունքում հիվանդի քաշն ավելացել է մոտ 40կգ-ով, գիտակցության մթագնման էպիզոդները հաճախացել են, բուժառուն դարձել է ագրեսիվ։ Հաջորդիվ բուժառուն հետազոտվել է Իզմիրլյան ԲԿ-ում էնդոկրին-վիրաբույժի կողմից:
Արձանագրվել է 2,5 մմոլ/լ գլիկեմիա (նորման 4,2-6,4 մմոլ/լ), C-պեպտիդ 3.3 նգ/մլ (1,1-4,4 ng/ml), ինսուլին 223,4 uIU/մլ (2-25 uIU/մլ), պրոինսուլին 256,4 պգ/մլ (30-180 պգ/մլ)։ Որովայնի խոռոչի ՈՒՁՀ և ՀՇ հետազոտությամբ հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի վերին եզրում ուռուցքանման գոյացություն։ Ախտորոշվել է օրգանական հիպերինսուլինիզմ, ենթաստամոքսային գեղձի մարմնի ինսուլինոմա։ Էնդոկրինոլոգի հետ համատեղ նշանակվել է նախավիրահատական բուժում ինսուլին ընկճող դեղորայքով, որի արդյունքում գանգատները և կլինիկան ախտանիշները հետ են զարգացել, գլիկեմիկ ստատուսը կայունացել է 3,8-ից 7,2-ի սահմաններում՝ առանց քաղցր սննդի օգտագործման։
20.11.2023թ-ին հիվանդը վիրահատվել է։ Վիրահատության ընթացքում ենթաստամոքսային գեղձի մարմնիի շրջանում հայտնաբերվել է 2,8х2,5х2,5սմ չափերի կլորավուն, հարթ մակերեսով և պինդ կարծրության գոյացություն։ Կատարվել է ենթաստամոքսային գեղձի մարմնի մոբիլիզացիա և ինսուլինոմայի հեռացում։
Պաթոմորֆոլոգիական հետազոտության արդյունքներով հաստատվել է ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցք։ Հետվիրահատական շրջանն ընթացել է առանց բարդությունների։ Վիրահատությունից 3 օր անց գլյուկոզան ինքնուրույն կարգավորվել է՝ 9,52 մմոլ/լ-ից նվազել է 5,9-6,1 մմոլ/լ։ Արյան մեջ ինսուլինի և պրոինսուլինի ցուցանիշները նորմայի սահմաններում են։
Բուժառուն դուրս է գրվել բավարար վիճակում էնդոկրինոլոգի ամբուլատոր հսկողության տակ։