«Իզմիրլյան» ԲԿ հյուրընկալվեցին բարձրաստիճան հոգևորականներ
12.06.2015
Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած հոգևորականները Մայր Աթոռում մասնակցել են Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր Կոմիտեի նիստին: ԵՀԽ Գործադիր կոմիտեի հնգօրյա ժողովն այս տարի որոշվել է անցկացնել Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ԵՀԽ-ում համանախագահության առիթով:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բարձրաստիճան հոգևոր այրերի հյուրընկալության մասին զրուցեցինք կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյան– Վեհափառի հրավերով՝ այսօր Հայաստանում են գտնվում աշխարհի տարբեր եկեղեցիների բարձրաստիճան ներկայացուցիչներ: – «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը՝ որպես Մայր Աթոռի հովանու ներքո գտնվող մարմին, պատիվ ունի հյուրընկալելու բարձրաստիճան հոգևորական հյուրերին: Հյուրընկալման նպատակն է նրանց ծանոթացնել Հայաստանում առողջապահության համակարգի ձեռքբերումներին, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հնարավորություններին:
– Քանի որ առիթ է կայացել, խոսենք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վերջին ձեռքբերումներից:
– Վերջին ժամանակաշրջանում բարձրագույն ձեռքբերումը համարում եմ մեր անձնակազմը, մեր բժիշկները՝ իրենց գիտելիքով, պատրաստվածությամբ, փորձով, կապերով: Մեզ համար բացարձակ արժեք է բժիշկների որակավորումը: Առանց կեղծ համեստության կարող ենք նշել, որ այսօր մենք լավագույններից ենք և՛ հանրապետությունում, և՛ տարածաշրջանում ուրոլոգիայի, կոլոպրոկտոլոգիայի, վնասվածքաբանության, քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բուժման բնագավառներում:
– Գաղտնիք չէ, որ բացի բարձրակարգ մասնագետներից, հիվանդի համար հարմարավետությունն ապահովում են նաև ինֆրաստրուկտուրաները:
– Ամենակարևորը գրագետ մենեջմենթն է, մնացածը կստեղծվի, եթե կա գրագետ կառավարում: Այսօր իր պայմաններով մեր կլինիկան հանրապետության լավագույն բուժհաստատություններից է: Իհարկե’, դեռ շատ անելիքներ ունենք բոլոր ոլորտներում՝ և՛ հիվանդներին ցույց տրվող բուժօգնության մակարդակը բարելավելու, և՛ պայմանները լավացնելու, և սարքավորումներն ավելի արդիականացնելու: Օգտագործելու ենք մեր ամբողջ ներուժը: