«Իզմիրլյան» բժշկական կենտրոն այցելեց Գրեգորի Ջերեջյանը
23.04.2015
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հյուրընկալվեց Շվեյցարիայի «Իզմիրլյան» ֆոնդի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյանը: Պատվավոր հյուրին ընդունեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, ով ներկայացրեց կենտրոնի ձեռքբերումները, անելիքները: Գրեգորի Ջերեջյանը տնօրինում է «Իզմիրլյան» ֆոնդի գործունեությունը, այդ թվում՝ նաև բժշկական ոլորտում:
Արմեն Չարչյանի խոսքով՝ հաշվետու 2014 թ. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը բավական լուրջ հաջողություններ է գրանցել, մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատությամբ վիրահատությունների թիվն ավելացել է 1000-ով, ամբուլատոր բուժում ստացողների և հետազոտվողների թիվը՝ մոտավորապես 2,5-3 հազարով:
«Մենք այս տարի կատարել ենք 5000 վիրահատություն և ավելի քան 14 000 ամբուլատոր պացիենտ ենք սպասարկել: Երկրորդ մեծ ձեռքբերումն «Իզմիրլյան» բրենդի ճանաչելիության բարձրացումն է ամբողջ հանրապետությունում՝ կենտրոնի ակտիվ գործունեության շնորհիվ»,- նկատեց պարոն Չարչյանը:
Մեզ հետ զրույցում Գրեգորի Ջերեջյանը պատմեց այցից ստացած տպավորություններից.
– Հայաստան այցիս նպատակը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցությունն է «Իզմիրլյան» ֆոնդի անունից:
2013 թվականից հետո, երբ բացվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, առաջին անգամ եմ այստեղ: Ուրախ եմ կենտրոն այցելելու, նոր տնօրենի հետ ծանոթության համար: Շատ դրական, բարձր տպավորություն ունեմ թե՛ հաստատության տեսքից, թե՛ անձնակազմի բարձր պատրաստվածությունից:
– Ի՞նչ կուզեիք տեսնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Ձեր հաջորդ այցի ժամանակ:
– Առաջինը, ինչ հետաքրքրում է ինձ, դա հիվանդանոցի տնօրինումն է, որն ինչպես ես հասկացա, ապահով ձեռքերում է: Ցանկանում եմ, որ վիրաբուժական մասը շարունակի զարգանալ իր հիմնական ուղղություններով՝ վնասվածքաբանություն, ուրոլոգիա, պրոկտոլոգիա, քիթ-կոկորդ-ականջաբանություն և այլն: Մյուս կողմից էլ ուզում եմ, որ ծառայություններն ավելի ընդլայնվեն` ներգրավելով նոր ոլորտներ և առաջադեմ մասնագետներ:
– Հայաստանում տարեցտարի ավելի շատ մարդիկ են տեղեկացվում Իզմիրլյանների մասին: Հատկապես ի՞նչ կուզեիք, որ հայ ժողովուրդն իմանար բարերար ընտանիքի մասին:
– Նրանք շատ հայրենասեր ընտանիք են: Իզմիրլյաններն առհասարակ չեն սիրում, երբ շատ է խոսվում իրենց մասին. առավել կարևոր է, երբ գործերն ու արդյունքներն են տեսանելի՝ լինի դա ռազմական ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի գրադարանը, թե «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը...
Սկզբաղբյուրը՝ med-practic.com