Այսուհետ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կգործի սննդի կետ
03.03.2015
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բացվեց սննդի կետ, որտեղ կմատուցվի միմիայն բարձրակարգ և թարմ սնունդ: Վերոնշյալը կարևորվում է համոզիչ փաստով. բժիշկ-սննդաբանների կողմից յուրաքանչյուր հիվանդի համար նախատեսված հատուկ սննդակարգով ճաշացանկը, խնամակալներին ավելորդ հոգսերից ազատելուց զատ, կնպաստի հիվանդների բուժման արդյունավետությանը:
Իզմիրլյան բժշկական կենտրոն. Կարինե Գևորգյան«Ճաշարանում կարող են սնվել ո՛չ միայն հիվանդները, այլ նաև բուժաշխատողները: Անշուշտ, այստեղ չեն մատուցվի ռեստորանային ճաշացանկերին բնորոշ ուտեստներ, առավել նախատեսված են ապուրների բազմազանություն, աղցանների հարուստ տեսականի և բուժական ու առողջ սննդի ցանկը հավելող տարատեսակ սննդամթերք...»,- տեղեկացրեց սննդի կետի պատասխանատու Կարինե Գևորգյանը:
«Յուրաքանչյուր սննդատեսակ պատրաստվելու է միայն թարմ սննդամթերքից, ինչի որակական հատկանիշներին կհետևի շեֆ-խոհարար Կարինե Վիրաբյանն, ով խոհարարական ոլորտում ունի երկար տարիների փորձ»,- ասաց տիկին Գևորգյանը:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն ՉարչյանՊարզեցինք ո՛չ պակաս կարևոր մեկ փաստ ևս՝ գները սննդի կետում կլինեն մատչելի, առավելապես հարմարեցված տարբեր սոցիալական խավերի և յուրաքանչյուր հիվանդի համար:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը կարևորեց բժշկական կենտրոնում սննդի կետ ունենալու գաղափարը:
«Իզմիրլյան բժշկական կենտրոնը սննդի կետ չի ունեցել: Արդի բժշկական կենտրոնների համար կարևորված է հիվանդներին տեղում դիետիկ սննդով ապահովելու փաստը, ինչը հնարավորություն է ընձեռում բուժական սննդակարգը համակցելու բուժական միջամտություններին, որի կարևորությունն անհերքելի է: Թվարկեմ բոլորիս հայտնի փաստեր. հիվանդանոցում բուժման գործընթացում հիվանդը մի կողմից զրկվում է ընտանեկան հարմարավետությունից, մյուս կողմից՝ կարիք ունի հատուկ սննդակարգի, ավելին՝ հիվանդը ոչ միշտ է տեղեկացված, թե ինչպես սնվել այս կամ այն հիվանդության ժամանակ:
Թվարկածս անվիճելիորեն կարևորում է հիվանդներին գրագետ սննդակարգով ապահովելու անհրաժեշտությունը, ինչն, անշուշտ, կբարձրացնի նաև բուժօգնության որակը: Չմոռանանք հիշել, որ նման մոտեցումը հիվանդին և նրա հարազատներին կձերբազատի այնպիսի ոչ հաճելի պարտականություններից, ինչպիսիք են տանը սնունդ պատրաստելն ու հիվանդանոց տեղափոխելը»,- ընդգծեց Ա. Չարչյանը:
«Աշխարհի լավագույն կլինիկաներում հիվանդների համար նախատեսված են սննդի կետեր: Մենք այսօր ձգտում ենք բարձրացնել մեր ծառայությունների որակը յուրաքանչյուր գործառույթում՝ հասնելու համաշխարհային չափանիշներին»,- կարևորեց զրուցակիցը:
Ակադեմիկոս Վիլեն Հակոբյանն, ով նույնպես ներկա էր բացման արարողությանը, հետևյալն ասաց.
Ակադեմիկոս Վիլեն Հակոբյան«Վստահորեն կարող եմ ասել, որ Իզմիրլյան բժշկական կենտրոնը հանրապետության լավագույն կլինիկաներից է: Ներկայում արդիական շնչով վերանորոգված կառույցը հագեցած է լավագույն սարքավորումներով, որտեղ աշխատում են հանրապետության լավագույն մասնագետներ: Այսօր հօգուտ հիվանդի այստեղ լուծում են գտնում նաև խնդիրներ որոնք չեն համարվում անհրաժեշտված, և կարող են իրենց թույլ տալ միայն բուժական ծառայություններով առավել կայացած կլինիկաները»,- նշեց պարոն Հակոբյանն ու հավելեց, որ բոլոր առումներով այն դրական նախաձեռնություն է, և համոզված է, որ նման պայմանները կնպաստեն՝ հիվանդին արագ ոտքի կանգնելու: