Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ է վերընտրվել Արթուր Գրաբսկին
13.11.2015
Նոյեմբերի 12-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կայացած Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի տարեկան հավաքի ժամանակ ասոցիացիայի նախագահ է վերընտրվել Արթուր Գրաբսկին, ով ղեկավարել է նախորդ երկու տարիներին:
Կազմակերպության քարտուղար Ռուբեն Հովհաննիսյանի տեղեկացմամբ, Ասոցիացիայի նախագահն ընտրվում է 2 տարի ժամկետով եւ երկու անգամ վերընտրվելու իրավունք ունի: Ընդ որում, այս տարի միակ թեկնածուն կազմակերպության գործող նախագահն էր:
Գրաբսկին ներկայացրեց երկու տարվա աշխատանքի արդյունքները. իրականացրել է 2 կոնգրեսի աշխատանքներ՝ միջազգային մասնագետների մասնակցությամբ, 2014-ին կազմակերպել է ֆունկցիոնալ ուրոլոգիայի դպրոցի և 2015-ին՝ ուրոլոգիայի մոսկովյան դպրոցի աշխատանքները:
Հայաստանի առողջապահության նախարար, ասոցիացիայի նախկին նախագահ Արմեն Մուրադյանը հիշեցրեց, որ «Բժշկական օգնության մասին» օրենքում փոփոխություններ են ընդունվել, եւ շուտով հավատարմագրման համապատասխան խորհուրդ կընտրվի, որտեղ պետք է ներառվեն մասնագիտական ասոցիացիաները: «Սա արդեն օրենքի մակարդակով է, այլ ոչ թե գաղափարների»,- ասաց նա՝ հավելելով, որ կրեդիտների մասին փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2019 թվականից, իսկ մինչ այդ հարկավոր է միավորներ հավաքել:
«Ոչ-ոք հենց այնպես կրեդիտներ չի տալու՝ հասարակության կամ ասոցիացիայի առջեւ ունեցած վաստակի համար, հատկապես, եթե այդ վաստակը բաժանմունք ղեկավարելն է»,- ասաց նախարարը: Նա նաեւ հիշեցրեց, որ ուրոլոգներն առաջինն էին, ովքեր առաջ էին մղում օրենսդրական այդ փոփոխությունները, սակայն փոփոխություններն ընդունվեցին, իսկ ասոցիացիան մնաց այնպիսին, ինչպիսին 10 տարի առաջ էր:
Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ հստակ առաջարկություն է ներկայացնում. քննարկել ասոցիացիայի վերակազմավորման, վերակազմակերպման հարցը, հստակեցնել կազմակերպությանն անդամակցության խնդիրն ու առաջարկ ներկայացնել Առողջապահության նախարարություն, թե ով է ներկայացնելու ասոցիացիան հավատարմագրման խորհրդում: Նախարարը նաեւ ընդգծեց, որ անձամբ սատարում է ասոցիացիայի նախագահի պաշտոնում Արթուր Գրաբսկու թեկնածությունը:
Ելույթներից հետո գաղտնի քվեարկության արդյունքում Արթուր Գրաբսկին վերընտրվեց իր նախկին պաշտոնում: