Հայաստանը պատրաստվում է մտնել ԵԱՏՄ դեղի շուկա
04.10.2015
Եվրասիական տնտեսական միության շրջանակում Իզմիրլյան բժշկական կենտրոնում տեղի ունեցած հանդիպումը նվիրված էր դեղերի և բժշկական նշանակության պարագաների միասնական (ընդհանուր) շուկային անցնելու գործընթացի օրենսդրական կարգավորմանը։
Մասնակիցներին ողջունեցին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը։
ԵՏՀ տեխնիկական կարգավորման վարչության աշխատակից Ա. Կրավչուկը ներկայացրեց ոլորտում սպասվելիք օրենսդրական փոփոխությունները և ինտեգրման գործընթացները, որոնք վերաբերում էին դեղերի գրանցման, պատշաշ գործունեության, փոխադարձ ճանաչման, վերահսկողության, ռեեստրի վարման կարգերին:
Կարինե Մինասյանը տնտեսվարողներին ներկայացրեց նոր հնարավորությունների և մարտահրավերների մասին, որոնք սպասվում են ԵԱՏՄ տարածքում 2016 թվականի հունվարի 1-ից դեղերի և բժշկական արտադրանքի շրջանառության նոր կանոնների և սկզբունքների ուժի մեջ մտնելուց հետո:
Հանդիպան ժամանակ ընդգծվեց, որ ընդհանուր շուկան բոլոր կողմերի համար բիզնես գործունեության նույն պայմաններն է ենթադրում, ինչը հայ ձեռներեցների համար ոչ միայն նոր հնարավորություններ կապահովի, այլև նոր մարտահրավերներ:
«Հայաստանի առողջապահական ոլորտը դինամիկ կերպով զարգանում է: Վերջին հինգ տարվա ընթացքում այն աճել է գրեթե կիսով չափ, հիմնականում արտադրողականության և արդյունավետության հաշվին: Տարեկան միջին աճը կազմում է 10 տոկոս, դա բավական լավ ցուցանիշ է Հայաստանի արդյունաբերության այլ ճյուղերի զարգացաման համեմատ: Դա նշանակում է, որ հայկական բիզնեսը մեծ ներուժ ունի ԵԱՏՄ դեղերի և բժշկական ապրանքների ընդհանուր շուկաներում ներգրավվելու և ԵԱՏՄ տարածքում իր դիրքը զբաղեցնելու համար»,- ասաց Կարինե Մինասյանը։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի, դեղարտադրողների և ներմուծողների միության, ինչպես նաև դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները:
Քննարկման ընթացքում առաջացած առանձին հարցեր արձանագրվեցին՝ հետագայում առավել հանգամանալից ուսումնասիրելու և լուծումներ գտնելու նպատակով:
Աղբյուր՝ moh.am