«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը մասնակցեց օստեոպորոզի դեմ պայքարում մեր երկրի խնդիրներին ու հաջողությունների քննարկմանը
30.10.2015
Օստեոպորոզի հայկական ասոցիացիան՝ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, անցկացրեց օստեոպորոզի դեմ պայքարում մեր երկրի խնդիրներին և հաջողություններին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում են Հայսատանի և արտերկրի առաջատար մասնագետներ:
Օստեոպորոզին նվիրված 4-րդ կլոր սեղանի մասնակիցներն այս տարի «Առողջ սնունդ՝ առողջ ոսկրեր» կարգախոսի ներքո առանձնակի կարևորեցին առողջ ապրելակերպի գաղափարը:
Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը ներկայացրեց օստեոպորոզի դեմ պայքարում մեր երկրում առկա խնդիրներն ու հաջողությունները: Իր ղեկավարած կառույցը մշտապես աջակցել է այս հիվանդության կանխարգելման, ախտորոշման և բուժման հարցերում:
«2007թ. հետո Հայաստանին նվիրաբերվել է 7 սարք: Ծրագրվում է, որ 2016 թվականին Վանաձորը և Կապանը ևս կհամալրվեն դենսիտոմետրերով» - ընդգծեց պրոֆեսորը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց մեր երկրում որակյալ մասնագետների պատրաստման, անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման գործում Հայաստանի և արտերկրի մասնագետների ջանքերը:
Ի դեպ, ամեն տարի ամբողջ աշխարհում հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Օստեոպորոզի կանխարգելման համաշխարհային օր: