Բարձրակարգ բժիշկը հսկայական արժեք է, և եթե այսօր չարժևորենք այն, ապա վաղը կարող ենք կանգնել մասնագիտական կոլապսի առջև
11.08.2015
2015թ. օգոստոսի 5-ին տեղի ունեցավ ՀՀ Առողջապահության նախարարության մանկաբարձա-գինեկոլոգիական խորհրդի նիստը, այն վարեց նախարար Ա.Ա. Մուրադյանը: Նիստին ներկա էի ես՝ «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Ա.Գ. Չարչյանը, կատարվեց հանգամանալից վերլուծություն: Նախարարը պահանջեց խիստ, անաչառ և մասնագիտական վերլուծություն յուրաքանչյուր դեպքի քննարկման համար: Քննարկման ժամանակ նշվեց նաև, որ անհարգի ձևով նսեմացվում է բժշկի, բուժաշխատողի հեղինակությունը:
Ստեղծված լրատվական դաշտն այսօր հակված է պախարակելու, անտեսելով այն հսկայական աշխատանքը, որ կատարվում է բժշկական հասարակության կողմից` նախարարի գլխավորությամբ: Իմ կարծիքով բարձրակարգ բժիշկը հսկայական արժեք է, և եթե այսօր չարժևորենք այն, ապա վաղը կարող ենք կանգնել մասնագիտական կոլապսի առջև: Ինչ խոսք, ցանկացած բացթողում, թերացում կամ բժշկական սխալ, առավել ևս հանցագործություն (խստագույնս պետք է տարբերակել անփութության հետևանքով բացթողումները և թերացումները՝ կանխամտածված սխալից ու հանցագործությունից) պետք է ստանա իր իրավական, մասնագիտական և բարոյական գնահատականը: Այսօր նախարարությունը կանգնած է այդ ուղղու վրա և անում է հնարավորինը, կանոնակարգելու բուժական սկզբունքները, սատարելով հանրապետության բուժական անձնակազմին, սակայն, միևնույն ժամանակ, պահանջելով բարձրակարգ բուժօգնություն: Այս ամենն. ի վերջո. համոզված եմ, դրական է անդրադառնալու երկրի հանրային առողջության վրա:
Հարգանքով`
«Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Ա.Գ. Չարչյան