«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կատարվել է բարդագույն վիրահատություն՝ կոնք-ազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում
12.11.2015
Ռուսաստանի Դաշնությունում 2013 թ. հիվանդ Վ.Մ.-ի մոտ ախտորոշվել է ձախ քացախափոսի բազմաբեկոր կոտրվածք՝ տեղաշարժով: Ըստ տեղեկությունների, հիվանդի մոտ կոնսերվատիվ բուժման անարդյունավետությունից հետո կատարվել է (վնասվածքից 45 օր անց) ձախ քացախափոսի մետաղական օստեոսինթեզ: Մոտավորապես 8 ամիս անց հիվանդի մոտ ախտորոշվել է կոնք-ազդրային հոդի հետվնասվածքային արթրոզ (3-րդ աստիճանի):
2014 թ. փետրվարին Նիժնի Նովգորոդ քաղաքում հիվանդի մոտ իրականացվել է կատարվել է ձախ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում (քացախափոսային կոմպոնենտի ցեմենտային և ազդոսկրային կոմպոնենտի՝ ոչ ցեմենտային եղանակով):
Էնդոպրոթեզավորումից հետո հիվանդի մոտ չի դադարել ցավային համախտանիշը և առկա է եղել ձախ ստորին վերջույթի կարճացում (մոտավորապես 5 սմ):
2015 թվականի նոյեմբերին հիվանդը դիմել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Կատարված կլինիկառենտգենաբանական, ՀՏ հետազոտություններից հետո ախտորոշվել է ձախ կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզի տեղաշարժ:
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գլխավորությամբ և վնասվածքաբան-օրթոպեդ Արթուր Մարտիրոսյանի մասնակցությամբ կատարվել է կոնք-ազդրային հոդի ռևիզիա, որի արդյունքում հաստատվել է էնդոպրոթեզի տեղաշարժ: Էնդոպրոթեզի հեռացումից հետո իրականացվել է քացախափոսի ու ազդոսկրի երկրորդային մշակում և տոտալ էնդոպրոթեզավորում՝ ոչ ցեմենտային եղանակով:
Վիրահատությունից 2 օր անց հիվանդը քայլում է հենակների օգնությամբ, ցավային համախտանիշը ձախ կոնքազդրային հոդում բացակայում է, իսկ ձախ ստորին վերջույթի բացարձակ երկարությունը վերականգնված է: