Ի՞նչ է շագանակագեղձի քաղցկեղը
16.07.2023
Շագանակագղձի քաղցկեղն (ՇՔ) ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակն է 70-ից բարձր տարիքի տղամարդկանց մոտ: Հյուսիսային և Հարավային Եվրոպայում այն հանդիպում է 100.000 հոգուց՝ ավելի քան 200-ի մոտ, ունենալով բարձրացման միտում:
Շագանակագեղձի քաղցկեղը շագանակագեղձում առաջացած չարորակ նորագոյացություն է: Հիմնականում ունենում է դանդաղ սկիզբ՝ առանց ախտանիշների ի հայտ գալու: Առաջացման հավանականությունը տարիքի հետ բարձրանում է: Ժամանակակից ախտորոշիչ սարքավորումները և կյանքի տևողության երկարացումը թույլ են տալիս հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղների մեծ մասը:
Կան մի քանի հայտնի ռիսկի գործոններ, որոնցից ամենագլխավորը մեծ տարիքն է: ՇՔ-ը հազվադեպ է հանդիպում 40-ից ցածր տարիքային խմբերում, և ավելի հաճախ զարգանում է 65-ն անց տղամարդկանց մոտ: Ազգակիցների մոտ նկարագրված դեպքերը կարող են բարձրացնել առաջացման հավանականությունը:
ՇՔ-ը հիմնականում ընթանում է առանց ախտանիշների: Հաճախակի հայտնաբերվում է արյան մեջ ՊՍԱ (պրոստատ սպեցիֆիկ անտիգեն) մակարդակը որոշելուց հետո: Եթե ՊՍԱ մակարդակն արյան մեջ բարձր է, բժիշկը նշանակում է մի քանի հետազոտություններ ևս՝ հայտնաբերելու պատճառը: Միայն ՊՍԱ թեստի արդյունքները բավարար չեն շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշելու համար: Պարզելու համար՝ կա՞ն արդյոք շագանակագեղձում ուռուցքային փոփոխություններ, թե՝ ոչ, հիմնականում կատարվում է ՊՍԱ և ուղիղաղիքային մատնային հետազոտություն (մատնային քննությամբ բժիշկը ցուցամատի օգնությամբ ստուգում է գեղձի չափերը, եզրերը և կոնսիստենցիան):
Բժիշկը կարող է առաջարկել կատարելու վերոնշյալ հետազոտությունները, երբ առկա են միզային ախտանիշներ, ինչպիսիք են.
- հաճախամիզություն կամ մեզի շիթի թուլացում,
- մեզի մեջ արյան առկայություն,
- էրեկցիայի հետ կապված խնդիրներ,
- անմիզապահություն,
- կղազատումը կառավարելու անկարողություն,
- ցավ կոնքում, գոտկային շրջանում, կրծքավանդակում, ստորին վերջույթներում,
- թուլացած ստորին վերջույթներ,
- սկրային բնույթի ցավեր, որոնք կարող են ուռուցքի տարածման (մետաստազների) հետևանք լինել:
ՇՔ հայտնաբերման համար օգտագործվող հիմնական հետազոտությունն արյան մեջ ՊՍԱ մակարդակի որոշումն է, որի նորմայից բարձր լինելը շագանակագեղձի բջիջների վնասված լինելու հետևանք է, ինչը կարող է տեղի ունենալ ուռուցքի, սակայն, առավել հաճախ, բորբոքման կամ բարորակ գերաճի հետևանքով: ՊՍԱ բարձր ցուցանիշի և/կամ ուղիղաղիքային մատնային հետազոտության բացասական արդյունքների վրա հիմնվելով՝ բժիշկը կարող է առաջարկել շագանակագեղձի ներուղիղաղիքային բիոփսիա կատարել: Հիշենք, որ շագանակագեղձի բիոփսիան միակ հետազոտությունն է, որը կարող է ժխտել կամ հաստատել շագանակագեղձի քաղցկեղի առկայությունը:
Բիոփսիայի ընթացքում՝ ուղիղաղիքային ուլտրաձայնային հսկողությամբ (սոնոգրաֆիա)՝, տեղային անզգայացման ներքո, շագանակագեղձից վերցվում են 8-12 մանր կտորներ: Կտորները վերցվում են՝ անցկացնելով ասեղը ուղիղ աղիքից դեպի շագանակագեղձի կասկածելի օջախ:
Գունավոր դոպլեր հետազոտությունը, որը ուլտրաձայնային հետազոտության տեսակներից է, հնարավորություն է տալիս էկրանին տեսնել բոլոր այն կասկածելի օջախները, որոնք տեսանելի չեն սովորական ուլտրաձայնային հետազետությամբ, և բիոփսիայի արդյունքում կտորներ վերցնել հենց այդ հատվածներից՝ դարձնելով ախտորոշումն առավել ստույգ:
Իզմիրլյան բժշկական կենտրոնն, ունենալով բարձր որակավորված ուրոլոգիական բաժանմունք և վերջին սերնդի գունավոր դոպլեր սարք, հնարավորություն է տալիս կատարել եվրոպական չափանիշներին համապատասխան շագանակագեղձի ներուղիղաղիքային բիոփսիա:
Իզմիրլյան Բժշկական կենտրոն
Ուրոլոգիական բաժանմունք
Հայաստան, Երևան, Ահարոնյան փող., 6 շենք
Հեռախոս. +374 10 24 24 83