Քնի օբստրուկտիվ ապնոէ
16.07.2023
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի քնի լաբորատորիայում թոքաբան Մ.Ա. Պետրոսյանի կողմից կատարվում է քնի ընթացքում շնչառական խանգարումների ախտորոշում և բուժում: Քնի ընթացքում տեղի ունեցող շնչառական խանգարումների ամենածանր և հաճախ հանդիպող ձևը քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշն է:
Մարդն իր կյանքի մեկ երրորդն անց է կացնում քնած վիճակում, ուստի նրա առողջական վիճակը քնի ընթացքում չափազանց կարևոր է: Կան հիվանդություններ, որոնք ի հայտ են գալիս միայն քնած ժամանակ: Այդ հիվանդություններից ամենատարածվածը շնչառություն խանգարումներն են, իսկ այդ խանգարումների ամենավտանգավոր ձևը` քնի օբստրուկտիվ ապնոէն: Այդ հիվանդության անվանումը կարող է անծանոթ լինել, սակայն երևույթը ծանոթ է բոլորին, քանի որ նրա ցայտուն ախտանիշը` խռմթոցը, լսել են գրեթե բոլորը: Խռմփոցը հայտնի է մարդկությանը վաղեմի ժամանակներից, նկարագրված է Աստվածաշնչում, դասական գրականության մեջ, ինչպես օրինակ, Դիկենսի պատմվածքում և Շեքսպիրի դրամայում: Սակայն դասական բժշկությունը խռմփոցը հայտնաբերել է որպես հիվանդության ախտանիշ միայն 20-րդ դարի 60-ական թվականներին: Այդ ժամանակ էլ հիմնադրվել է բժշկության մի նոր ասպարեզ` քնի բժշկությունը, որն արագ տեմպերով զարգանում է: Վերջին տարիների ընթացքում այդ ասպարեզում կատարվել է հեղափոխական հայտնագործություն. պարզվել է, որ առողջ քունը կենսապես կարևոր է առողջության համար և քնի խանգարումները հանգեցնում են լուրջ հետևանքների, մասնավորապես, սիրտ-անոթային հիվանդությունների, նյութափոխանակության և հոգեկան խանգարումների: Գիտնականներն այդ տեսակետին են հանգել՝ ուսումնասիրելով շնչառության խանգարումները քնի ընթացքում: Ինչպես արդեն նշվեց, խռմփոցն այդ խանգարումների ամենացայտուն և հեշտ հայտնաբերվող նշանն է: Այն առաջանում է վերին շնչուղիների նեղացման և լիակատար խցանման` օբստրուկցիայի հետևանքով:
Վերին շնչուղիների խցանումը բերում է շնչառության դադարի, ինչը բժշկական տերմինով կոչվում է ապնոէ: Ահա թե ինչ է կատարվում քնած մարդու հետ. քուն մտնելուն պես վերին շնչուղիները նեղանում են և ամբողջությամբ փակվում, արյան մեջ նվազում է O2-ի և բարձրանում CO2-ի մակարդակը, ինչն ուղեղի կողմից գնահատվում է որպես ծայրահեղ կրիտիկական վիճակ, որի հետևանքով մարդը բարձր խռմփոցով արթնանում է, խորը և արագ շնչում, վերականգնելով O2-ի և CO2-ի մակարդակն արյան մեջ: Այնուհետև՝ նորից քնում է: Սակայն, բավական է որ մարդը քնի, վերին շնչուղիները դարձյալ խցանվում են, շնչառությունը դադարում է և նկարագրված երևույթները կրկնվում են: Այդպես կարող է տեղի ունենալ 300-500 անգամ մեկ գիշերվա ընթացքում: Սովորաբար հիվանդի կողակիցը շատ պատկերավոր նկարագրում է կրկնվող շնչադադարները: Նա նշում է. մի քանի վարկյանների ընթացքում, երբեմն նույնիսկ մեկ րոպեից ավելի, շնչառությունը դադարում է, լռություն է տիրում, սակայն որովայնի և կրծքավանդակի մկանները շարունակում են շարժվել: Շատ անգամ այդ լռությունը և շնչառության դադարը վախ և տագնապ է առաջացնում կողակցի մոտ` ոմանք ստուգում են պուլսը, ոմանք՝ հրում և արդնացնում են, որ նա շունչ քաշի:
Ընդհանրապես, շնչադադարը երկար չի տևում, այլապես մարդը շնչահեղձ կլինի: Մարդու ուղեղը գնահատում է շնչադադարը որպես ծայրահեղ վիճակ, տեղի է ունենում արթնացում, մարդը բարձր խռմփոցով արթնանում է, խորը և արագ շնչում, ու նորից քուն մտնում: Այդ արթնացումները տևում են շատ կարճ և կարող են չգիտակցվել մարդու կողմից: Դա ուղեղի պաշտպանողական ռեակցիան է, որի նպատակն է փրկել մարդուն շնչահեղձությունից: Սակայն շնչառության դադարների պատճառով առաջացած արթնացումները՝ բացի պաշտպանողական ֆունկցիայից, ունեն նաև բացասական հետևանքներ: Պարզվում է, որ քունն ունի յուրահատուկ կառուցվածք, և առողջ քնի համար բնորոշ է քնի 5 փուլերի կանոնավոր հաջորդականությունը: Շնչառական դադարների պատճառով առաջացած արթնացումները խաթարում են քնի նորմալ կառուցվածքը, ինչը հանգեցնում է բազմազան բարդությունների, որոնցից ամենացայտունը ցերեկային քնկոտությունն է:
Այսպիսով, քնի օբստրուկտիվ ապնոէն հիվանդություն է, որի ժամանակ երկու կենսական ֆունկցիաները` քունը և շնչառությունը, դառնում են անհամատեղելի. բավական է մարդը քնի, և նա չի կարողանում նորմալ շնչել: Ի հետևանք, քունը, որը տրված է մարդուն հանգստանալու համար, վեր է ածվում պայքարի՝ շնչելու համար: Արդյունքում մարդն արթնանում է հոգնած, գլխացավով, բերանի չորությամբ, զարկերակային բարձր ճնշումով: Ցերեկվա ժամերին անընդհատ քնելու ցանկություն է առաջանում, քնում է մարդկանց շրջապատում, աշխատանքի վայրում, ավտոմեքենայի ղեկին: Ցերեկային չափազանց արտահայտված քնկոտության հետ մեկտեղ, գիշերային շնչադադարներին բնորոշ են բազում նշաններ, որոնք ո՛չ հիվանդը, հաճախ նաև զննող բժիշկը չեն կապում քնի խանգարումների հետ: Այդ ախտանիշներն են` զարկերակային հիպերտենզիան (որը կարող է կայուն լինել ճնշում իջեցնող դեղերի նկատմամբ), մետաբոլիկ խանգարումները, 2-րդ տիպի շաքարային դիաբետը, ճարպակալումը, գիշերային հաճախամիզությունը, հիշողության և կենտրոնանալու ունակության նվազումը, տրամադրության անկումը, սեռական խանգարումները:
Վերջին 2-3 տասնամյակում տարբեր երկրներում կատարված լայնածավալ գիտական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գիշերային շնչադադարները` չբուժելու դեպքում, կարող են հանգեցնել սրտամկանի, ուղեղի կաթվածի, շաքարային դիաբետի, դեպրեսիաների, ճարպակալման, սեռական ցանկությունների և ունակությունների նվազման, ճանապարհատրանսպորտային պատահարների: Չբուժված քնի անոէն ծանր բեռ է հասարակության և մարդու համար, քանի որ բարձրացնում է հիվանդացության և մահացության մակարդակը, նվազեցնում կյանքի որակը:
Այսպիսով, խռմփոցը, որը մեզանում դիտարկվում է որպես անմեղ երևույթ, շատ անգամ նաև՝ կատակի առարկա, ոչ այլ ինչ է, քան լուրջ հիվանդության նշան և օրգանիզմի ահազանգ՝ օգնություն հայցելու:
Բնականաբար, հարց է ծագում, թե ինչն է նպաստում ապնոէի զարգացմանը: Այդ գործոնները բազմազան են և շատ անգամ մնում են անհայտ: Ամենակարևոր նպաստող գործոններից են՝ ավելորդ քաշը, վերին շնչուղիների նեղ լինելը, դիմածնոտային խնդիրները, շնչառության կենտրոնական կառավարման խանգարումները, վերին շնչուղիների մկանների տոնուսի նվազումը, նյարդամկանային և հորմոնալ խանգարումները և այլն: Շատ անգամ նույնիսկ դժվար է պարզել մեկ պատճառ, քանի որ, սովորաբար, հիվանդության զարգացման մեջ դեր են խաղում մի քանի գործոն:
Այսպիսով, ներկայացվեց մի հիվանդություն, որը կոչվում է քնի օբստրուկտիվ ապնոէ, որն արտահայտվում է բազում երևույթներով, որոնցից ամենացայտունը խռմփոցն է: Ժամանակակից բժշկությունը խստագույնս պարտադրում է ժամանակին ախտորոշել և բուժել ապնոէն, քանի որ չբուժվելու դեպքում այն հանգեցնում է լուրջ բարդությունների:
Այս պատմության մեջ ուրախալին այն է, որ ապնոէն կարելի է ո՛չ միայն ենթադրել, այլ ստույգ ախտորոշել և արդյունավետ բուժել: Քնի օբստրուկտիվ ապնոէի բուժումը պարգևում է մարդուն լիարժեք քուն և շնչառություն, կանխում կյանքին վտանգ սպառնացող բարդությունների զարգացումը և բարձրացնում մարդու կյանքի որակը:
Բժիշկ-թոքաբան, քնի ընթացքում շնչառության խանգարումների մասնագետ, քնի լաբորատորիայի ղեկավար, բ.գ.թ., Մարինե Ալբերտի Պետրոսյան
«Իզմիրլյան» բժշկական կենտրոն
Հեռախոս. +374 93 34 35 59
e-mail: info@sleeplab.am
www.sleeplab.am