Հոդերի Էնդոպրոթեզավորում
15.07.2023
Ներկայում էնդոպրոթեզավորումը հոդերի հիվանդությունների բուժման վերջին փուլն է: Այն թույլ է տալիս կարճ ժամկետներում վերականգնել ախտահարված հոդի շարժունությունը, բացառել երկարատև անշարժացումը և նվազեցնել երկաևատև անկողնային ռեժիմի հետ կապված մի շարք բարդություններ: Դա առանձնապես կարևոր է մեծահասակ և ծերունական տարիքային խմբերում:
Չնայած այն բանին, որ կուտակվել է էնդոպրոթեզավորման մեծ փորձ և ապացուցվել է նշված վիրահատությունների բարձր արդյունավետությունը, սակայն մինչև այժմ էլ դիտվում են սխալներ և բարդություններ, որոնք խիստ վատթարացնում են բուժման արդյունքը:
Անհրաժեշտ է խստորեն պահպանել էնդոպրոթեզավորման ցուցումները, կիրառել պրոթեզների ժամանակակից նմուշներ:
Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում
Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը, լինելով մի շարք ախտաբանությունների բուժման առավել արդյունավետ եղանակ, թույլ է տալիս շատ արագ վերականգնել փոփոխված հոդի աշխատանքը և բարելավել հիվանդի կյանքի որակը:
Էնդոպրոթեզավորման ուղղակի ցուցումներ են կոնքազդրային հոդի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդությունները, դրանց շարքում ՝ կոքսարթրոզը, ազդրի գլխիկի ասեպտիկ մեռուկացումը, հոդի հետվնասվածքային դեֆորմացիաները, հատկապես կոնսերվատիվ բուժման անարդյունավետության դեպքում և հիվանդության 3-րդ և 4-րդ փուլերում:
Այս կամ այն էնդոպրոթեզ տեղադրելու եղանակներին առնչվող հակացուցումները պետք է որոշվեն հիվանդի ոսկրային հյուսվածքի վիճակը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո:
Էնդոպրոթեզավորման կարևոր փուլերց մեկը նախավիրահատական պատրաստումն է: Վերջինս ներառում է հիվանդի մանրակրկիտ հետազոտում՝ նպատակ ունենալով հայտնաբերել ուղեկցող հիվանդություններ և վերջույթի անատոմիական, ֆիզիոլոգիական և ֆունկցիոնալ շեղումներ:
Ուշադրություն է դարձվում հիվանդի ավելորդ քաշին. Այն բարձրացնում է ոսկրի և պրոթեզի մեխանիկական բնութագրերի հետ կապված բարդությունների ռիսկը:
Հաջորդ կարևոր հարցը, որին պետք է ուշադրություն դարձնել, զույգ ստորին վերջույթների, ինչպես վիրահատվող, այնպես էլ առողջ, երակային համակարգի վիճակն է:
Վիրահատությունից մի քանի ժամ առաջ պետք է սկսվի կանխարգելիչ հակաբիոտիկաթերապիա, որը շարունակվում է մինչև վիրաբույժը լրիվ բացառի հետվիրահատական թարախակալման վտանգը: