Հերթագրում

Խոսքային ֆունկցիայի կրիտիկական շրջանները: Կակազություն

16.07.2023

Առանձնացնում են խոսքի զարգացման 3 կրիտիկական շրջաններ.


1.1-2 տարեկան, երբ ձևավորվում են խոսքի նախադրյալները և սկսվում է խոսքի զարգացումը: Երեխայի համար առաջատար է դառնում հաղորդակցումը: Այս տարիքում ինտենսիվորեն զարգանում են խոսքի կեղևային գոտիները՝ հատկապես Բրոկի կենտրոնը:


Զարգացման կրիտիկական շրջանը համարվում է երեխայի 14-18 ամիսը: Ցանկացած, թեկուզ աննշան բացասական գործոն այդ շրջանում կարող է ազդել երեխայի խոսքի զարգացման վրա:


2. Կրիտիկական շրջան (3տարեկան), երբ ինտենսիվ զարգանում է կապակցված խոսքը: Տեղի է ունենում իրավիճակային խոսքից անցում համատեքստային խոսքի, որը պահանջում է կենտրոնական նյարդային համակարգի համաձայնեցում (խոսքաշարժողական, ուշադրության, հիշողության և այլն):


Կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքում առաջացած որոշակի փոփոխությունները կարող են բերել վարքի փոփոխության՝ նեգատիվիզմի: Կարող է առաջանալ կակազություն, մուտիզմ, խոսքի զարգացման հապաղում, երեխան հրաժարվում է հաղորդակցումից, առաջանում են մեծերի հանդեպ բողոքի ռեակցիաներ:


3. Կրիտիկական շրջանը (6-7 տարեկան) գրավոր խոսքի զարգացման սկիզբն է: Մեծանում է երեխայի կենտրոնական նյարդային համակարգի ծանրաբեռնվածությունը: Երեխայի ունեցած ցանկացած խոսքային ֆունկցիայի խանգարում առավել ուժգին է արտահայտվում այս փուլում: Նրանք կարող են լինել ինքնուրույն նշանակության կամ զուգակցվել այլ բացասական գործոնների հետ՝ երեխայի ընդհանուր թուլություն, նյարդային համակարգի դիսֆունկցիա:

 

Կակազությունը խոսքի տեմպի և ռիթմի խանգարում է, որն արտահայտվում է արտաբերական համակարգի տարբեր մկանային ջղաձգումներով: Այն ընդհանուր նևրոզի ախտանիշ է և միայն նևրոզի բուժումը կարող է լոգոպեդական աշխատանքը հասցնել դրական արդյունքի: Կակազությանը յուրահատուկ են այն բոլոր օրինաչափությունները, որը իր վրա է կրում նևրոզը, որպես հոգեկան վիճակի խանգարում:

 

Կակազության ընթացքը ալիքաձև է` սրվում է կամ թուլանում:


Առանձնացնում են կակազության 3 ձև.

 

  • կլոնիկ, որը բնութագրվոմ է առանձին հնչյունների, վանկերի, բառերի կրկնությամբ,
  • տոնիկ, երբ առաջանում են դադարներ խոսքում կամ երկարացվում է հնչյունի արտաբերումը,
  • խառը, երբ առկա են և՛ կլոնիկ, և՛ տոնիկ ջղաձգումներ:

 

Կակազությունը հիմնականում առաջանում է 2-5 տարեկանում` երեխաների խոսքի զարգացման ինտենսիվ ժամանակաշրջանում: Տղաների մոտ հանդիպում է 2 անգամ ավելի շատ:


Առաջացման պատճառներն են.

 

  • նյարդային համակարգի թուլությունը,
  • ժառանգական նախադրյալները,
  • խոսքային ծանրաբեռնվածությունը,
  • նյարդային համակարգի ծանրաբեռնվածությունը (համակարգիչ, հեռուստացույց),
  • նյարդաբանական նախադրյալները (վախ վաղ մանկական հասակում),
  • խոսքի զարգացման նորմայից յուրաքանչյուր շեղում կարող է առաջացնել կակազություն:

 

 

Կակազության առաջացման գործոն կարելի է նշել`

 

  • արագախոսության փաստը,
  • խոսքի ընդհանուր թերզարգացումը` որպես շրջապատից եկող օրինակելի խոսք,
  • խոսքի վաղ զարգացումը, բառապաշարի ակտիվ կուտակումը,
  • խոսքի զարգացման հապաղումը, ալալիան, խըթ, դիսլալիան, ռինոլալիան, դիզարտրիայի ջնջված ձևը,
  • ինֆեկցիոն հիվանդությունների հետևանքը:

 

Առանձնացվում է կակազության 2 տեսակ` նևրոտիկ և նևրոզանման:


Նևրոտիկ կակազությունը բնութագրվում է.

 

  1. նորմալ կամ վաղ խոսքային և մոտորային զարգացումով,
  2. ջղաձգումները մեծ մասամբ կապված են կակազի հուզական վիճակից,
  3. կակազությանը նախորդում է սուր կամ քրոնիկ տրավմա, որոշակի պայմաններում սահուն խոսքի հնարավորություն` հուզական հանգիստ մթնոլորտում, խոսելու, շեղվելու, մենակության ժամանակ: ԷԷԳ-ն չի գրանցում գլխուղեղի ֆունկցիաների ախտաբանություն:

 

Նևրոզանման կակազությունը բնութագրվում է.

 

  1. խոսքի և զարգացման դանդաղ ընթացքով,
  2. ջղաձգային կծկումներն ի հայտ են գալիս սովորաբար 3-4 տարեկանում,
  3. ջղաձգային կծկումների առաջացումը համընկնում է ֆրազային խոսքի զարգացման փուլի հետ,
  4. ջղաձգումներն առաջանում են սթրեսների ֆոնի վրա: ԷԷԳ-ն գրանցում է գլխուղեղի ֆունկցիաների ախտաբանություն:

 

Խոսելու գործընթացի վրա կակազողի ուշադրության հրավիրումը թեթևացնում է խոսքը, իսկ ֆիզիկական կամ հոգեկան լարվածությունը վատացնում է խոսքի վիճակը:


Կակազության այս 2 ձևերի դեպքում էլ առաջանում են հետևյալ խոսքային և ոչ խոսքային ախտանիշները.

 

  • էքսպրեսիվ խոսքն ունի առանձնահատկություններ,
  • վախ կամ հետապնդող մտքեր (լոգոֆոբիո),
  • շարժողական կամ խոսքային փոխօգնող շարժումների առկայություն (էմբոլոֆրազներ),
  • նկատվում է անձնային որակների փոփոխություն (ագրեսիվ, գրգռված կամ ինքնամփոփ):
  •  

Կակազության բուժման մեթոդները բազմազան են.

 

  • լոգոպեդական,
  • հոգեբանական,
  • հոգեթերապևտիկ,
  • լոգոհոգեթերապևտիկ,
  • սոցիալվերականգնողական,
  • դեղորաքային,
  • ֆիզիոթերապևտիկ,
  • համակարգային,
  • ոչ ավանդական:

Մեդիա