Հերթագրում

Նորագույն մեթոդների կիրառումը ողնաշարային ճողվածքների ժամանակ «Իզմիրլյան» ԲԿ-ում

15.07.2023

Այսօր բավականին մեծ է ողնաշարային հիվանդություններով տառապող մարդկանց թիվը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:

Ստորև ներկայացնում ենք ողնաշարային հիվանդություններից միջողային սկավառակի ճողվածքը:

Շատ հաճախ ողնաշարային ճողվածքների հետևանքով առաջանում է նյարդարմատի սեղմվածություն, կոմպրեսիա:

Ամենատեղեկատվական մեթոդը, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել ճողվածքի առկայությունը, նյարդարմատի կոմպրեսիան և որոշել կոմպրեսիայի մակարդակը, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) է:

Նյարդարմատը կարող է սեղմված լինել հետևյալ 4 հատվածներում.

 

  • միջողային աճառի հատվածում,
  • կողմնային գրպանիկների հատվածում,
  • ֆորամինալ հատվածում,
  • էքստրաֆորամինալ հատվածում:
     

Պետք է նշել, որ շատ հաճախ գործ ունենք այնպիսի դեպքերի հետ, երբ նյարդարմատը սեղմված է լինում մի քանի մակարդակներում: ՄՌՏ-ի առաջատար ծրագրերի շնորհիվ կարող ենք ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները, որոնք վերաբերվում են ողնաշարային ճողվածքներին, ուստի ներկայացնենք մեթոդը առավել տեղեկատվական:

Այս հետազոտությունը սկսում ենք T1 կոչվող ռեժիմով և նախքան կհայտնաբերենք ողնաշարային ճողվածքը, ավելի կարևոր և առաջնային խնդիրն է որպես ցավի պատճառ հերքել նորագոյացությունների (առաջնային կամ երկրորդային բնույթի) առկայությունը, որոնք բավականին հեշտությամբ հայտնաբերվում են հենց այս ռեժիմով հետազոտության ժամանակ: 

Չպետք է մոռանալ նաև բորբոքային գործընթացների մասին, որոնք նույնպես շատ հաճախ կարող են ցավի պատճառ լինել:

Հաջորդ խնդիրը, ինչի վրա ուշադրություն է դարձնում բժիշկ-ռադիոլոգը նախքան ճողվածք փնտրելը, դա հարողնաշարային հյուսվածքների և օրգանների պաթոլոգիաներն են. որովայնային աորտայի պատի շերտազատումը:

Այժմ անդրադառնանք բուն խնդրին՝ միջողային աճառի ճողվածքի ախտորոշմանը: Ինչ՞ է ճողվածքը:

Միջողային աճառի արտափքումը սկավառակի սահմաններից դուրս կոչվում է ճողվածք, իսկ սկավառակի արտափքումը առանց ֆիբրոզ օղի պատռման, կոչվում է պրոտրուզիա: Նյարդարմատի սեղմումը կարող է լինել ինչպես ճողվածքի, այնպես էլ պրոտրուզիայի ժամանակ:

 

Բժիշկ-ռադիոլոգը ՄՌՏ-ի ռեժիմների միջոցով հայտնաբերում է ողնուղեղային խողովակի նեղացումը, որը կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ` ձեռքբերովի:

Ողնաշարային նեղացումներ հայտնաբերելիս բժիշկ-ռադիոլոգը դրա մասին նշում է եզրակացության մեջ, որովհետև, ինչպես տեսնում ենք ստորև բերված պատկերներից, նեղ ողնուղեղային խողովակի դեպքում նույնիսկ փոքր չափի ճողվածքը կարող է լուրջ սեղմվածության պատճառ լինել: 

Նյարդարմատային խողովակի նեղացման պատճառ կարող է լինել նաև միջողային հոդերի արթրոզը, որը բերում է հոդերի չափերի մեծացման և վերոհիշյալ խողովակների նեղացման:

Այս և տարբեր խնդիրների վաղ հայտնաբերման նպատակով կարևոր է նախ՝ ժամանկին հետազոտվել և ստանալ հավաստի տեղեկատվություն:

 

Այսօր գերժամանակակից դարաշրջանում «Իզմիրլյան» ԲԿ-ն ձեռք է բերել և կիրառում է գերհզոր ճառագայթային ախտորոշման սարքեր և արդեն բազմիցս հայտնաբերվել են բարդ ախտաբանական դեպքեր:

Բժշկությունը ո՛չ միայն տեխնիկայի առաջընթաց է, այլև մարդկային ուղեղի համընթաց աշխատանք:

 

Անուշ Մարալյան,
Ճառագայթային բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ