Հերթագրում

Օղակված ճողվածք

16.07.2023

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքը մեծ փորձ է կուտակել ճողվածքների վիրաբուժական միջամտության գործընթացում: Վերջին տարիներին նկատվում է ճողվածքի այնպիսի բարդության հաճախացում, ինչպիսին է օղակումը:


Ճողվածքի օղակում ասելով՝ հասկանում ենք ճողվածքի պարունակության հանկարծակի սեղմումը ճողվածքի դարպասներում: Այս վտանգավոր բարդությունը հանդիպում է ճողվածքով հիվանդների 8-20%-ի մոտ: Եթե հաշվի առնենք, որ ճողվածքով տառապում է բնակչության մոտավորապես 2%-ը, ապա օղակված ճողվածքով հիվանդների ընդհանուր քանակը բավականին մեծ է:


Ճողվածքի օղակումը հաճախ ուղեկցվում է աղիների անանցանելիությամբ, իսկ երբեմն, հատկապես ուշացումով բուժօգնության դիմելու դեպքում, նաև օղակված աղեգալարի մեռուկացմամբ, ճողվածքապարկի ֆլեգմոնայով և պերիտոնիտով:


Հայտնի են չորս նշաններ, որոնք դիտվում են ցանկացած ճողվածքի օղակման դեպքում.

 

  1. կտրուկ սուր ցավ,
  2. ճողվածքի ներուղղման անհնարինություն,
  3. ճողվածքային արտափքման լարվածություն,
  4. հազի հրոցի փոխանցման բացակայություն ճողվածքային արտափքման շրջանում

 

Օղակված ճողվածքը ենթակա է անհապաղ վիրահատական բուժման՝ անկախ ճողվածքի տեղակայումից և օղակման ժամկետներից:

 

Ճողվածքի ներուղղման ցանկացած փորձ նախահիվանդանոցային փուլում խիստ անթույլատրելի է: Երբեմն պացիենտները, ովքեր ունեն սեփական ճողվածքը ներուղղելու փորձ, վախենալով վիրահատությունից, տնային պայմաններում կիրառում են բազմակի և հաճախ կոպիտ ջանքեր՝ ներուղղելու օղակված ճողվածքը: Արդյունքում կարող է առաջանալ, այսպես կոչված, «կեղծ ներուղղման» վիճակ, որն օղակված ճողվածքի ամենածանր բարդություններից է: Այդ դեպքում հիվանդության կլինիկական պատկերը կարող է քողարկվել, անգամ տեղի ունենալ հիվանդի վիճակի կարճատև թվացյալ լավացում: Երբեմն հնարավոր է նաև ճողվածքի ինքնուրույն ներուղղում: Եթե այն տեղի է ունեցել տանը, հիվանդանոցի ճանապարհին կամ ընդունարանում, միևնույն է, պացիենտը պետք է անպայման ընդունվի վիրաբուժական բաժանմունք՝ հետագա հսկողության և վիրահատության ճիշտ ժամկետները որոշելու համար:


«Իզմիրլյան» ԲԿ հմուտ մասնագետները պատրաստ են ցուցաբերել բարձրակարգ խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում՝ վիրահատական բուժում:


Հայաստան, Երևան
Ահարոնյան փողոց 6
«Իզմիրլյան» բժշկական կենտրոն
Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք
Հեռախոս. +374 10 24 40 81

Մեդիա