Ալերգիկ ռինիտ
16.07.2023
Ալերգիկ ռինիտները բաժանվում են 2 խմբի՝ սեզոնային և շուրջտարյա:
Սեզոնային ալերգիկ ռինիտներն ի հայտ են գալիս օդում գտնվող փոշուց՝ ծաղկափոշիներից, ծառերի և բույսերի փոշուց, որոնք տարածվում են քամու հետևանքով: Սեզոնային ալերգիկ ռինիտն անվանում են պոլինոզ: Միջատների միջոցով փոշոտվող բույսերը, սովորաբար, պակաս ալերգիկ են, քանի որ այլ տարբերակով փոշոտվեղ բույսերի համեմատ նրանց մեջ փոշու քանակն ավելի քիչ է:
Օրգանիզմի կողմից ալերգիկ ռեակցիա զարգանում է ոչ թե ծաղկափոշու, այլ նրա մեջ պարունակվող սպիտակուց-ալերգենի հանդեպ:
Ծաղկափոշին մտնելով շնչուղի`քթի խոռոչ, լորձաթաղանթում հանդիպում է հիստամին պարունակող զգայուն բջիջների: Ալերգենին հանդիպելով՝ զգայուն բջիջները պայթում են, որի արդյունքում հիստամինը դուրս է գալիս արտաքին միջավայր` տեղի տալով ալերգիկ ռեակցիաների զարգացմանը:
Ինչպես հասկանալ` ունե՞ք, արդյոք, ալերգիա` ծաղկափոշիներից:
Ալերգիկ ախտանիշներն ի հայտ են գալիս ակնթարթորեն, որոնք են.
- քթահոսություն,
- քթի փակվածություն,
- առատ արցունքահոսություն,
- փռշտոց,
- աչքերի կարմրություն,
- դժվարաշնչություն,
- կոկորդում քորի զգացում,
- կոպերի այտուցվածություն:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ տարեցտարի ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր ունեն ալերգիկ ռինիտ:
Ծաղկափոշիների տարածումը կախված է տարվա եղանակից՝ հիմանականում գարնան-ամռան ամիսներին:
Շուրջտարյա քթահոսության պատճառ հանդիսացող ալերգենները նյութեր են, որոնց հետ մարդիկ շփվում են աշխատավայրում և կենցաղում: Ալերգիկ ռինիտները՝ մշտական կամ, այսպես կոչված, շուրջտարյա, սովորաբար առավել ծանր ընթացք ունեն, քան սեզոնային ալերգիկ ռինիտները, սակայն ավելի հաճախ են օբստրուկտիվ բրոնխիտների և բրոնխիալ ասթմայի զարգացման պատճառ դառնում:
Քրոնիկ ռինիտի պատճառ կարող են լինել ադենոիդները, որոնց հեռացումն ալերգիայի պարագայում առանձնապես արդյունավետ չէ: Ալերգիկ ռինիտների ճշգրիտ բուժման մեթոդներին տիրապետում է հատկապես բժիշկ-ալերգոլոգը:
Մասնագիտական խորհրդատվության և հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Իզմիրլյան» ԲԿ բժիշկ-ալերգոլոգ Կ. Թադևոսյանի հետ: