План развития
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը Հայաստանում գործող ճանաչված բժշկական կենտրոն է, որը գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո և «Իզմիրլյան Հիմնադրամի» օժանդակությամբ:
Զարգացման այս ծրագիրը մշակվել է «Իզմիրլյան» ԲԿ գործադիր ղեկավարության կողմից և ներկայացվում է միակ բաժնետեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հաստատմանը:
Բժշկական կենտրոնում տարեկան կատարվում է 8000-ից ավելի վիրահատական միջամտություն, շուրջ 15.000 մարդ անցնում է ախտորոշիչ և լաբորատոր հետազոտություն:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մատուցում է ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ, ինչպես նաև իրականացնում է գիտական, կրթական և սոցիալական նշանակություն ունեցող ծրագրեր:
2008 թվականի հունիսից կենտրոնում սկսվել և 2013թ. սեպտեմբերին ավարտվել են հիմնավոր վերանորոգման ու նոր մասնաշենքի կառուցման լայնածավալ աշխատանքները:
Այժմ նախատեսվում է «Իզմիրլյան» ԲԿ-ն հագեցնել ժամանակակից նորագույն բժշկական սարքավորումներով և գործիքներով, ներդնել և զարգացնել ժամանակակից բժշկական նոր մեթոդներ, զարգացնել Patient-centered համակարգը:
Այս զարգացման ծրագիրը ներառում է 2014-2018թթ., նպատակների իրականացմանը միտված ձեռնարկվելիք միջոցառումները և դրանց ֆինանսական արդյունքները:
Արմեն Չարչյան
Գործադիր տնօրեն
«ԻԶՄԻՐԼՅԱՆ» Բժշկական Կենտրոն ՓԲԸ
Բովանդակություն
- Զարգացման ծրագրի նպատակը
- «Իզմիրլյան» բժշկական կենտրոն
- Բժշկական ծառայություններ
- Շուկայի զարգացման ծրագիր
- SWOT վերլուծություն
- Անձնակազմի զարգացու
- Կապիտալ ներդրումներ
- Ֆինանսական արդյունքներ
- Հավելվածներ
Զարգացման ծրագրի նպատակը
«Իզմիրլյան» ԲԿ նպատակն է որակյալ և անվտանգ ժամանակակից բուժօգնության ցուցաբերումը յուրաքանչյուր պացիենտի՝ դառնալով Patient-centered բժշկական կենտրոն:
Կարևորելով որակը, մատչելիությունը, հասանելիությունը և այլ սկզբունքներ՝ հաստատված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն որպես զարգացման ուղեցույց է ընտրում JCI-ին համահունչ համակարգի կայացումը, և ձգտում է հասնել JCI հավատարմագրման, ինչպես նաև շարունակում է իրականացնել գիտակրթական և սոցիալական ծրագրեր:
Բժշկական ծառայությունների որակի և անվտանգության ապահովման նպատակով ներդրվելու է Որակի ամբողջական կառավարման համակարգ: Այն ներառում է հետևյալ հաջորդական համակարգերի զարգացումը.
- որակի համակարգի ներդրում,
- որակի համակարգի գնահատում,
- որակի համակարգի կառավարում,
- որակի համակարգի մոնիթորինգ:
Որակի համակարգի մշակումը և ներդնումը ներառելու է պացիենտի՝ «Իզմիրլյան» ԲԿ դիմելուց մինչև հեռանալը, առանձնահատուկ պահանջների վրա կենտրոնացած հետևյալ համակարգի մշակումը, ներդնումը և զարգացումը.
- բժշկական ընթացակարգեր՝ հիմնված Standard Operating Procedures (SOPs)2 չափանիշների վրա,
- բուժօգնության կառավարում,
- փաստաթղթավորում,
- մատուցված ծառայության գնահատում:
Միջոցառումների արդարացվածության գնահատումը, այդ թվում` զգալի ֆինանսական միջոցների ներդրման անհրաժեշտությունը, կատարվելու է հետևյալ հինգ հիմքային ուղենիշերի վրա.
- «Patient-centered»՝ պացիենտների բժշկական ծառայությունների, վերաբերմունքի ու հոգածության հնդեպ պահանջների առավելագույն ապահովում,
- սոցիալական պատասխանատվություն՝ որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքո գործող բժշկական կենտրոն,
- միջազգային ճանաչման՝ բժշկական կենտրոն, որը հավակնում է հետագայում ձեռք բերել JCI հավատարմագրում,
- ֆինանսական նպատակահարմարություն՝ բժշկական կենտրոնի ծառայությունների որակի և աճի խթանում, որը կբերի ֆինանսական կայունություն,
- մասնագիտական և գիտական զարգացում, նորարարություն՝ վերապատրաստումներ, գիտական և հետազոտական աշխատանքների զարգացում, միջազգային լավագույն փորձի ներդրում մեր երկրում, բժշկական աշխատակազմի մասնագիտական զարգացում:
Նպատակների իրականացման գնահատման նպատակով նախատեսում ենք մշակել և ներդնել տեղեկատվական համակարգ, որը համապատասխան ողջամիտ հայտանիշերի հիման վրա կհավաքագրի ու կամփոփի բժշկական կենտրոն դիմող պացիենտների գոհունակությունը մատուցված ծառայությունների վերաբերյալ: Նման տեղեկատվությունը թույլ կտա արձանագրել ծրագրերի իրականացման ընթացքը և արդյունավետությունը, ժամանակին և պատշաճ արձագանքել դեռևս առկա խնդիրներին և խոչընդոտներին, ինչպես նաև կօժանդակի մշակել հետագա ռազմավարությունը և անելիքները:
Գնահատման համակարգը մշակելիս հատկապես կարևորելու ենք հետևյալ արժեքների և մշակույթի զարգացումը և շարունակական պահանումը «Իզմիրլյան» ԲԿ կողմից.
Որակ. հնարավորինս բարձրակարգ ախտորոշում, կանխարգելում և բուժօգնություն:
Մատչելիություն. չնայած բարձրակարգ որակյալ բուժօգնությունը ներառում է զգալի ծախսեր՝ «Իզմիրլյան» ԲԿ-ն կիրականացնի ծրագրեր Հայաստանի պակաս վճարունակ անձանց անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցելու համար:
Հասանելիություն. մեր ծառայությունը պետք է հասանելի լինի բոլոր այն մարդկանց, ում անհրաժեշտ են մեր մատուցվող բժշկական ծառայությունները:
Հոգածություն. պացիենտների նկատմամբ ուշադրություն, բարեխղճություն, նրանց խնդիրների հասկացողություն և հոգատար արձագանք;
Հարգանք. մարդկային ազնվություն, մարդկանց իրավունքների նկատմամբ հարգանք, հիվանդների առանձնահատուկ կարիքների և զգացմունքների նկատմամբ հետաքրքրություն և պատշաճ արձագանք:
Թիմային աշխատանք. թիմային աշխատանքի և ոգու դրսևորում՝ առավել արդյունավետ և բարեհաջող արդյունքի համար:
Ֆինանսական թափանցիկություն. բացի հաշվապահորեն ձևակերպված գումարներից՝ հիվանդների կողմից այլ գումարների կամ նվերների բացառում:
«Իզմիրլյան» ԲԿ-ում նաև նախատեսում ենք աստիճանաբար ներդնել և զարգացնել հեռահար բժշկությունը (telemedicine), որը հնարավորություն է տալիս ստանալու խիստ անհրաժեշտ բժշկական խորհրդատվություն և անմիջական օժանդակություն, ընդհուպ հեռակառավարմամբ վիրահատությունների իրականացումը, բժշկական գործունեության յուրաքանչյուր փուլում:
Զարգացման ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային ճանաչված չափանիշները: Հատկապես կարևորվում են միջազգային հավատարմագրման պահանջները, որոնք հստակ ուղենիշեր են տրամադրում միջազգային մակարդակի բժշկական կենտրոն դառնալու ճանապարհին:
Այդ պահանջները սահմանող հավատարմագրող միջազգային ամենահայտնի կառույցը Joint Commission International կազմակերպությունն է, որի կողմից հրապարակված Joint Commission International Accreditation Standards for Hospitals-ը (JCI հավատարմագրում) տրամադրում է այն պահանջները, որոնք անհրաժեշտ է բավարարել այդ հավատարմագրման ստացման համար:
JCI հավատարմագրման առավելություններ են.
- ավելանում է հանրության վստահությունը այն կազմակերպության նկատմամբ, որը մտահոգված է հիվանդների անվտանգությամբ և տրամադրվող ծառայությունների որակով,
- ստեղծվում է անվտանգ և արդյունավետ աշխատանքային միջավայր, ինչը բարելավում է բուժաշխատողների գոհունակությունը,
- հնարավորություն է տրամադրում օգտագործելու որակը բնութագրող ցուցանիշերը ֆինանսավորման տարբեր աղբյուրների հետ բանակցելու ընթացքում,
- ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ բժշկական բարդությունների և սխալների թափանցիկ և ժամանակին արձանագրումը ծառայում է սովորելու գործընթացին,
- բուժօգնության որակը և հուսալիությունը բոլոր մակարդակներում դառնում են առաջնահերթություն,
- հնարավորություն է տալիս ներդնելու «Բաց բժշկական կենտրոն» համակարգը:
JCI հավատարմագրման նկարագրությունը, ինչպես նաև JCI հավատարմագրման համար անհրաժեշտ միջոցառումները ներկայացված են Հավելված 1-ում:
Չնայած այս զարգացման ծրագրում մենք չենք նախատեսել JCI հավատարմագրման ստացումը, սակայն հետամուտ ենք այդ պահանջների ապահովման ուղղությամբ միջոցների ձեռնարկմանը, ինչը հետագայում մեր զարգացման ծրագրում թույլ կտա դիտարկել այդ հավատարմագրման ստացումը:
«Բաց բժշկական կենտրոն» համակարգը, որը նախատեսում ենք ներդնել այս ծրագրի հաջող ավարտից հետո, հնարավորություն կտա «Իզմիրլյան» ԲԿ ընթացակարգերը, սկզբունքներն ու ֆինանսական պայմաններն ընդունող փորձառու արտաքին բժիշկներին իրենց այցելուների վիրահատություններն իրականացնել «Իզմիրլյան» ԲԿ-ում: Այս համակարգը կլինի փոխշահավետ.
- բժիշկը կօգտվի «Իզմիրլյան» ԲԿ ժամանակակից շենքային պայմաններից, ախտորոշիչ սարքավորումներից, վիրահատական բաժանմունքից և որակի ու անվտանգության ապահովման համակարգից, իսկ
- «Իզմիրլյան» ԲԿ-ն արդյունավետորեն կօգտագործի իր ռեսուրսները, կբարձրացնի ճանաչումը մասնագետների և հանրության շրջանում, կստանա լրացուցիչ ֆինանսական օգուտներ:
Զարգացման ուղենիշերի իրականացման համար ներկա պահին արդեն առկա են լուրջ ձեռքբերումներ, մասնավորապես.
- Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից «Իզմիրլյան» ԲԿ շենքի հիմնավերանորոգումը,
- «Իզմիրլյան» ԲԿ կողմից մատուցվող բժշկական ծառայությունների հանրության կողմից տրված որակի բարձր գնահատականը, որը կայացվել է երեսուն տարվա գործունեության ընթացքում՝ 120 հազարից ավելի վիրահատություններ և 200 հազարից ավելի պացիենտներ,
- «Իզմիրլյան» ԲԿ-ում ներգրավված մասնագետների առկայությունը, ովքեր ունեն հեղինակություն և ճանաչում Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև այլ բարձրակարգ մասնագետների ընդգրկում «Իզմիրլյան» ԲԿ բժշկական անձնակազմում:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում առկա բուժծառայությունների ցանկի ընդլայնում և որակական նոր՝ առավել բարձր մակարդակի ձգտում:
Հետագա զարգացման համար առավել նշանակալի անելիքները.
- Patient-centered համակարգի զարգացումը՝ «Իզմիրլյան» ԲԿ ամբողջ աշխատաոճում և աշխատակիցների վերաբերմունքում,
- ղեկավար և բժշկական անձնակազմի համալրում, հոգատար և որակյալ աշխատանքի խթանող մեխանիզմների զարգացում,
- շարունակական բժշկական կրթությանը (զարգացմանը) նպաստող մեխանիզմների ներդրում,
- գիտական և հետազոտական ներուժի զարգացում,
- ձեռքբերել և ներդնել ժամանակակից սարքավորումներ՝ հատկապես կարևորելով ոչ ինվազիվ վիրաբուժությունը և ռադիոլոգիական ու այլ ժամանակակից ախտորոշման մեթոդները,
- միջազգային բժշկական կառույցների, առողջապահության նախարարության, այլ կառույցների հետ համագործակցության զարգացում,
- ժամանակակից սարքավորումների ձեռքբերում, ներդրում և պահպանում,
- ֆինանսական կայունության ապահովում,
- բոլոր օղակներում արդյունավետության բարձրացում,
- բարձրացնել «Իզմիրլյան» ԲԿ ճանաչումը և հեղինակությունը բնակչության շրջանում և տարածաշրջանում:
Զարգացման ծրագրի իրականացումը նախատեսվում է կյանքի կոչել փուլային տարբերակով: Փուլերի առաջնահերթությունը.
- ախտորոշման հնարավորությունների զարգացում, ռադիոլոգիայի և տեղեկատվական համակարգերի ներդրում՝ 2014-2015թթ.,
- բուժքույրական ժամանակակից համակարգի ներդրում և զարգացում՝ 2016թ.,
- ժամանակակից նորարական սարքավորումների և մեթոդների ներդրում, հեռահար բժշկության զարգացում՝ 2016-2017թթ.,
- Patient-centered համակարգի ներդրում՝ 2016-2018թթ.:
Նշանակալի նվաճում կլինի մեր երկրում բժշկության զարգացման գործում՝ ի շահ բնակիչների, ովքեր ի վիճակի կլինեն բարձրակարգ ժամանակակից բժշկական օգնություն ստանալ մեր երկրում՝ խնայելով հսկայական ռեսուրսներ և ժամանակ,
- է՛լ ավելի կկարևորի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Իզմիրլյան հիմնադրամի ներդրումը՝ հանրության առողջության պահպանման գործում,
- կստեղծվի ֆինանսական կայունության ամուր հիմքեր,
- «Իզմիրլյան» ԲԿ-ն կդարձնի երկրում և տարածաշրջանում առաջատար բժկական կառույց,
- կզարգացնի արդի սարքավորումներին և մեթոդների տիրապետող բարձրակարգ բժշկական ռեսուրսներ,
- կապահովի «Իզմիրլյան» ԲԿ արդյունավետ կառավարումը և Patient-centered կարգավիճակը,
- թույլ կտա կարճ ժամանակահատվածում հետամուտ լինել JCI հավատարմագրմանը,
- հնարավորություն կստեղծի ներդնելու «Բաց բժշկական կենտրոն» համակարգը:
«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոն
«Իզմիրլյան» ԲԿ փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանված «Սուրբ Ներսես Մեծ» գիտա-բժշկական կենտրոն ՓԲԸ իրավահաջորդն է:
Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
«Իզմիրլյան» ԲԿ-ն Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Ազգային առողջապահության ինստիտուտի և N-1 բժշկական բազային քոլեջի գիտաուսումնական բազան է:
2008թ. հուլիսից «Իզմիրլյան» ԲԿ-ում սկսվել են հիմնավոր վերանորոգման և նոր մասնաշենքի կառուցման լայնածավալ աշխատանքները: Վերակառուցումը ավարտվել է 2013թ., հոկտեմբերին 15-ին տեղի է ունեցել հանդիսավոր վերաբացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանները և այլ պաշտոնատար անձինք ու մասնագետներ:
«Իզմիրլյան» հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի միջոցներով իրականացվել է 12 միլիոն դոլարի ծրագիր, ինչի շնորհիվ հիվանդանոցը հիմնանորոգվել է և համալրվել նոր մասնաշենքով (Հավելված 9): Ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական ժամանակակից սարքավորումներ և գործիքներ:
«Իզմիրլյան» ԲԿ կազմակերպչական կառուցվածքը ներկայացված է Հավելված 2-ում:
Բժշկական ծառայություններ
Ներկայում «Իզմիրլյան» ԲԿ-ում գործում են հետևյալ բաժանմունքները.
- Խորհրդատվական-ախտորոշիչ բաժանմունք
- Ուրոլոգիական կլինիկա
- Օրթոպեդիայի և սպորտային վնասվածքաբանության բաժանմունք
- Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք
- Լոգոպեդիա
- Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
- Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք
- Վիրաբուժություն
- Անոթային վիրաբուժություն
- Թոքաբանություն
- Ընդհանուր նյարդաբանության և ցավի կենտրոն
- Ֆիզիոթերապիա
- Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա
- Ճառագայթային ախտորոշման բաժանմունք
- Ռենտգեն հետազոտություն
- ՈՒՁ հետազոտություն
- Համակարգչային տոմոգրաֆիա (КТ)
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (МРТ)
- Էնդոսկոպիա
- Լաբորատորիա\
- Ստոմատոլոգիա
- Դեղատուն
Ծառայություններ.
- Պաթոմորֆոլոգիա,
- Սրտաբանություն,
- Թերապևտիկ. ստացիոնար:
Նախատեսվող ծառայությունների անհրաժեշտության կարևորումը՝ որակի, JCI հավատարմագրման և/կամ բիզնես նպատակներով, ինչպես նաև ներդրման ժամանակագրությունը ներկայացված են հավելված 4-ում:
Բժշկական բաժանմունքների և ծառայությունների, ներառյալ` նախատեսվող բաժանմունքների և ծառայությունների գծով մինչ այժմ ունեցած հաջողությունները և զարգացման հիմնական նպատակները, ներկայացված են հավելված 5-ում:
Հեռահար բժշկության հիմնական հնարավորությունները և նպատակները ներկայացված են հավելված 6-ում:
Բաժանմունքներում ներգրավված են հանրապետությունում և տարածաշրջանում հայտնի բազմափորձ բժիշկներ, որոնց ցանկն՝ ըստ բաժանմունքների, կցված է հավելված 3-ում:
«Իզմիրլյան» ԲԿ ներգրաված բժիշկներից 27-ն ունեն բժշկական գիտական կոչումներ, իսկ բոլոր բժիշկների մասնագիտական փորձառությունը միջինում կազմում է 22-25 տարի:
Բաժանմունքներն ակտիվորեն համագործակցում են սփյուռքահայ անվանի բժիշկների հետ, մասնավորապես.
- Ուրոլոգիական կլինիկան համագործակցում է Կարո Դերձակյանի հետ, ով Ռենալ տրանսպլանտացիայի ծրագրի տնօրենն է ԱՄՆ Արևմտյան Կալիֆորնիայի բժշկական կենտրոնում,
- Օրթոպեդիայի և սպորտային վնասվածքաբանության բաժանմունքը համագործակցում է Ֆրանսուա Անտոնյանի հետ, ով աշխատում է Սան Ռաֆայելի բժշկական կենտրոնի Օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքում (Կայզեր Պերմանենտե),
- Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը համագործակցում է ՌԴ Ն.Ն. Բլոխինի անվան Օնկոլոգիական գիտական կենտրոնի ավագ գիտ.աշխատող` Բ.Գ.Դ. Խաչատուր Բադալյանի հետ,
- «Իզմիրլյան» ԲԿ-ն համագործակցում է Ֆրայբուրգի համալսարանական կլինիկաների հետ:
Հաշվի առնելով առողջապահական ծառայությունների առկա պահանջը և JCI համակարգի պահանջների միտումը՝ հատկապես կարևորում ենք բժշկական ծառայությունների և մեթոդների հետևյալ զարգացումները, որոնք կդառնան առաջատար բժշկական մեթոդներ ո՛չ միայն Հայաստանում, այլ նաև ողջ տարածաշրջանում:
- ախտորոշման ժամանակակից ճյուղերի զարգացումը, ներառյալ` Ռադիոլոգիան, 2014-2015 թվականից,
- ոչ ինվազիվ վիրաբուժության զարգացումը՝ 2014-2016 թվականից,
- հեռահար բժշկության ներդրումը՝ 2014-2018 թվականից,
- շտապ օգնության ծառայության ներդրումը՝ 2015-2018 թվականից,
- բուժքույրական ժամանակակից համակարգի ներդրումը՝ 2016 թվականից:
Այդ նպատակով նախատեսում ենք հիմնել ու զարգացնել հետևյալ բաժանմունքները և ծառայությունները, որոնք անհրաժեշտ են նաև «Իզմիրլյան» ԲԿ կողմից բժշկական ծառայությունների ցանկի ընդլայնման համար և ունեն մեծ պահանջարկ:
Շուկայի զարգացման ծրագիր
Շուկայի զարգացման արդյունավետ ծրագրի մշակման նպատակով հաշվի են առնվել.
- պացիենտների քանակի և բժշկական ծառայությունների մատուցման գների վերաբերյալ փաստացի և կանխատեսվող գները,
- SWOT վերլուծությունը,
- բժշկական մյուս կենտրոնների և կլինիկաների կողմից մրցակցությունը,
- բժշկական ծառայությունների պահանջները և ոլորտի առանձնահատկությունները:
Շուկայական ռազմավարությունը մշակվել է՝ նպատակ ունենալով ապահովել «Իզմիրլյան» ԲԿ բժշկական ծառայությունների առավել արդյունավետ աճը:
Շուկայի զարգացման առանցքային պահանջներից են.
«Իզմիրլյան» ԲԿ ապրանքանիշի ճանաչումը և առաջխաղացումը ՀՀ բնակչության շրջանում և տարածաշրջանում, մասնավորապես.
- հանրությանը տեղեկացնելով առողջապահական շուկայում նոր բրենդի՝ «Իզմիրլյան» ԲԿ գործունեության մասին,
- շուկայի զարգացման շարունակական ջանքերը՝ համապատասխան փորձառություն և ունակություն ունեցող աշխատակցի ներգրավումը, ով.
- շարունակական մոնիթորինգ կիրականացնի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումների արդյունավետության վերաբերյալ,
- կմշակի և կձեռնարկի առավել ճկուն և ուղղորդված միջոցառումներ,
- կիրականացնի շուկայի միտումների շարունակական ուսումնասիրություններ, և դրանց արդյունքների հիման վրա կառաջարկի ձեռնարկվելիք միջոցառումներ:
Բժշկական ծառայություն (Product/Service)
«Իզմիրլյան» ԲԿ-ն մատուցում է ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական ծառայություն: Այն ներառում է.
- ախտորոշում և բուժօգնություն,
- խորհրդատվություն,
- հետագա հսկողություն բուժման արդյունավետության համար:
Բժշկական ծառայությունների (այդ թվում՝ նախատեսվող) վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է «Բժշկական ծառայություններ» բաժնում:
Վայր (Place)
«Իզմիրլյան» ԲԿ-ն գտնվում է Երևանում, որով պայամանվորված` պացիենտների հիմնական սպասարկումն իրականացվում է Երևանում:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների՝ «Իզմիրլյան» ԲԿ պացիենտների 68%-ը Երևանից են, 32%-ը` մարզերից: Այնուամենայնիվ, հաշվի առնելով «Իզմիրլյան» ԲԿ նպատակներից մեկը՝ «հասանելիությունը», մենք իրականացնում ենք այցելություններ մարզեր, որով մարզերի բնակչությանը նույնպես հասանելի ենք դարձնում մեր ծառայությունների մատուցումը:
Նմանապես, հեռահար բժշկության ներդրման և զարգացման շնորհիվ՝ մեր բարձրակարգ ծառայությունները հասանելի կդառնան Հայաստանի հեռավոր շրջաններում:
«Իզմիրլյան» ԲԿ պացիենտների ցանկում են.
- Հայաստանում բնակվող միջին և բարձր վճարունակության անձինք,
- արտերկրում բնակվող մեր հայրենակցիները, ովքեր կարող են միջազգային չափանիշերով՝ ներառյալ սարքավորումները, պայմանները և բժիշկների փորձառությունը և ունակությունը, բժշկական ծառայություններ ստանալ Հայաստանում՝ համատեղելով բուժումը հայրենիք այցելելու հետ (բժշկական տուրիզմ),
- տարածաշրջանի այլ երկների բարձր վճարունակ անձինք,
- Հայաստանում բարձր վճարունակ անձինք նշանակալիորեն բարձր գումարներ են ծախսում արտերկրի կլինիկաներում բժշկական ծառայության համար, մինչդեռ այդ ծառայությունը համապատասխան որակով կարող են ստանալ նաև Հայաստանում,
- բժշկական ապահովագրություն ունեցող Հայաստանի քաղաքացիները. արդեն ձեռնարկվել են քայլեր՝ համագործակցելու առավել մեծաքանակ անձինք ներառող կառույցների հետ, մասնավորապես.
- ՀՀ պաշտապանության նախարարության,
- ՀՀ ոստիկանության,
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության:
Այցելուների փաստացի քանակները 2012-2013 թթ., ըստ «Իզմիրլյան» ԲԿ առկա բաժիններում առավել տարածված բժշկական ծառայությունների, ինչպես նաև նախատեսվող քանակները, ներառյալ` նախատեսվող բաժանմունքների և ծառայությունների գծով, հետագա հինգ տարիների համար ներկայացված են հավելված 7-ում:
Գին (Price)
«Իզմիրլյան» ԲԿ-ն հետամուտ չէ մտնել գնային մրցակցության մեջ բժշկական նմանատիպ ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների հետ: «Իզմիրլյան» ԲԿ բժշկական ծառայությունների որակը, բժիշկների հեղինակությունը, գույքային և սարքավորումներով համալրումը գրավում է պացիենտներին, որով նրանք պատրաստ են վճարելու ողջամիտ հավելագին մրցակիցների առաջարկած ավելի ցածր գնի հանդեպ:
Մարդկանց առողջությունն ամենակարևոր արժեքներից է, և«Իզմիրլյան» ԲԿ-ն երբևիցե գնային առավելության չի ձգտի՝ ի հաշիվ որակի:
Բժշկական ծառայությունների փաստացի միջին գները 2012-2013թթ. ըստ «Իզմիրլյան» ԲԿ առկա բաժիններում առավել տարածված բժշկական ծառայությունների, ինչպես նաև նախատեսվող գները, ներառյալ նախատեսվող բաժանմունքների և ծառայությունների գծով եղածները, ներկայացված են հավելված 8-ում:
Շուկայի զարգացում (Promotion)
Մեր այցելուն մեր ամենակարևոր ակտիվն է: Շարունակելու ենք զարգացնել «Իզմիրլյան» ԲԿ գործունեությունը՝ մեծանցնելով մեր պացիենտների գոհունակությունը, որով պայմանավորված կլինի վերջիններիս երաշխավորությունը՝ մյուսներին դեպի մեր ծառայություններն ուղղորդելու գործում:
Ի լրումն դրան, հետևյալ քայլերը համակարգված և նպատակային կձեռնարկվեն ավելի շատ պացիենտներ ունենալու ուղղությամբ.
- համագործակցության զարգացում ապահովագրական կազմակերպությունների հետ,
- համագործակցության զարգացում շտապ օգնության ծառայության հետ,
- համագործակցություն տարբեր սպորտային ֆեդերացիաների և միջազգային կազմակերպությունների հետ (հատկապես Օրթոպեդիայի-սպորտային վնասվածքաբանության բաժանմունքի միջոցով),
- հեռուստատեսությամբ, ռադիոյով և համացանցով «Իզմիրլյան» ԲԿ հեղինակության զարգացում և մատուցվող ծառայությունների գովազդում,
- մասնավորապես՝ «Շողակաթ» հեռուստաալիքով, առողջապահությանն ուղղված համացանցային կայքերում և մամուլում,
- հանրային ցանցերում «Իզմիրլյան» ԲԿ մարքեթինգային գործողություններ, օրինակ՝ Facebook-ում,
- շուկայի խթանմանն ուղղված ակցիաներ՝ մասնավորապես.
- բաց դռների օրեր, օրինակ՝ ապրիլի 7-ին՝ առողջության միջազգային օրը,
- բարեգործական այցելություն մարզեր,
- բեմինարների և բաց դասախոսությունների անցկացում,
- «Իզմիրլյան» ԲԿ կողմից հրավիրված միջազգային մասնագետների իրականացվող սեմինարներ և վիրահատություններ,
- եկեղեցական տոների կապակցությամբ զեղչային բժշկական ծառայություններ,
- հանրության անվճարունակ հիվանդների բարեգործական բուժումներ,
- տեղեկացնել հանրությանը դժվար/հրատապ դեպքերի դրական լուծման օրինակների մասին «Իզմիրլյան» ԲԿ-ում,
- շենքային նոր պայմանների, նոր, ժամանակակից և բացառիկ սարքավորումների ներդրման վերաբերյալ հանրային տեղեկացում և շնորհանդեսներ:
Բժշկական ճանաչված հաղորդումներում մասնակցություն, «Իզմիրլյան» ԲԿ բժիշկների կողմից պարզաբանումներ և «Իզմիրլյան» ԲԿ փորձառության, հնարավորությունների և նվաճումների ներկայացում, մասնավորապես.
- «Շանթ» հեռուստաալիքով հեռարձակվող՝ «Բուժ Ինֆո» հաղորդաշարում,
- ATV հեռուստաալիքով հեռարձակվող՝ «Առողջություն» հաղորդաշարում,
- «Արարատ» հեռուստաալիքով հեռարձակվող՝ «Շտապ օգնություն» հաղորդաշարում,
- «Իզմիրլյան» ԲԿ բժիշկների կողմից միջազգային ճանաչում ունեցող կենտրոններում վերապատրաստումների հանրային իրազեկում,
- «Իզմիրլյան» ԲԿ բժիշկների կողմից գիտական հոդվածների հրապարակում, մասնագիտական հետազոտությունների իրականացում և հանրությանն իրազեկում,
- ապառիկ բուժման և հաճախորդի լոյալության համակարգի ներդրում,
- արտաքին գովազդային վահանակների տեղադրում:
Տարբերակում (Differentiation)
«Իզմիրլյան» ԲԿ-ն մրցակցությունից տարբերակվելու է հետևյալ հիմնական ուղղություններով.
- Patient-centered համակարգ,
- բժշկական աշխատակազմի ճանաչում, փորձառություն և ամբողջ աշխատակազմի հոգածություն պացիենտների նկատմամբ,
- բժշկական ծառայությունների բարձր որակ, նորարարություններ և ժամանակակից մեթոդների ներդրում,
- որակի երաշխավորում, մասնավորապես՝ հետվիրահատական շրջանում,
- բժշկման պատմության թափանցիկություն,
- շենքային պայմաններ և ժամանակակից սարքավորումներ: